‘Գայանե Բաբայանի անվան առաջին մրցանակը կհանձնվի «Արտ-լաբորատորիային»’

614

«Գրողուցավ» կայքը սահմանել է Գայանե Բաբայանի անվան ամենամյա մրցանակ` լրագրության, գրականության և արվեստի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց հոդվածներով, ստեղծագործություններով և արտիստական գործունեությամբ բարձրաձայնել են հասարակության մեջ առկա ցավոտ խնդիրների մասին։

«Գայանե Բաբայանը ապրեց 45 տարի և հեղինակեց երկու բանաստեղծական ժողովածու ու բազմաթիվ հոդվածներ, որոնք փոխեցին գրականության և լրագրության հարաբերակցության մասին կարծրացած պատկերացումները` գրականության և լրագրության միջև առկա սահմանը դարձնելով պայմանական և երևութական: Իր հոդվածներով Գայանեն ստեղծեց մեր ժամանակի վավերագրությունը` հասարակության մեջ տեղի ունեցող խորքային երևույթները բացահայտելով լուսանցքում հայտնված կենդանի կերպարների միջոցով: Նա մերժեց սովետական տարիներին ձևավորված և հետսովետական տարիներին գերիշխող ապաքաղաքական գրողի և արվեստագետի տեսակը, որը խոսում է բարձր արվեստի դիրքերից, և իր անձնական օրինակով հաստատեց, որ իսկական գրողն ու արվեստագետը չեն կարող անտարբեր անցնել ցավի կողքով, չդատապարտել անարդարությունը և սեփական գիրը կամ արվեստը չծառայեցնել ավելի լավ ու մարդկային հասրակության և պետության կառուցմանը:
Գրող, լրագրող Գայանե Բաբայանը մահացել է երեք տարի առաջ, վրաերթից։ 
Առաջին անգամ «Գայանե Բաբայանի անվան մրցանակը» շնորհվում է «Արտ-լաբորատորիա» արվեստագետների խմբին՝ 2012-ին կատարած մի շարք ակցիաների, «Թումանյանական ընթերցումներ» և «Մերկ կյանք» ցուցահանդեսների համար։
Մրցանակը կհանձնվի Գայանե Բաբայանի ծննդյան օրը` մարտի 5-ին, ժամը 15.00-ին Խնկո Ապոր անվան գրադարանում»:

«Գրողուցավ» 

 

Նախորդ հոդվածը‘Տարոնը մերժել է Րաֆֆուն. Նա հրապարակ չի գա’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ Բունդեսթագի նախագահը կհանդիպի հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության հետ’