‘Գայանե Ղազարյան. Չգիտեմ, որքանով սենտիմենտալ կհնչի, բայց ես առաջարկում եմ հաշիվ բացել և գումար փոխանցել այդ մարդու ընտանիքին’

1485

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

«Երեկվանից փորձում եմ հասկանալ՝ Հրաչյա Հարությունյանի համար ի՞նչը կարող էր այս պատմության մեջ որոշակի թեթևություն բերել (եթե, իհարկե, 18 անմեղ զոհի պատճառ դառնալուց այդ մարդուն, որը բազմաթիվ հանգամանքներից առաջացած ողբերգության զոհերից մեկն է, որևէ բան կարող է թեթևություն բերել), ու գալիս եմ եզրակացության, որ որդեկորույս հոր համար, որի նպատակն այլևս որդուն տապանաքար դնելն էր դարձել, միակ առարկայական և հոգեբանական օգնությունը, որ կարող ենք ցույց տալ՝ այդ տապանաքարի գումարը հավաքելն է: Այսպես, թե այնպես, այդ մարդը բանտ է նստելու: Այսպես, թե այնպես, իրական հանցագործներով լցված (ֆիրմայի տիրոջից սկսած «ֆիրման չգտնող» իրավապահներով ու Ռուսաստանի ու Հայաստանի կոռումպացված, հանցագործ, մարդասպան իշխանություններով ավարտած) աշխարհում այս մարդուն հանցագործները դարձնելու են չարագործի սիմվոլ: Ու գուցե միակ հոգեբանական թեթևությունը, որ կարող ենք բերել այդ մարդուն այն է, որ որդու տապանաքարը դրված է: Չգիտեմ, որքանով սենտիմենտալ կհնչի, բայց ես առաջարկում եմ հաշիվ բացել և գումար փոխանցել այդ մարդու ընտանիքին:
Եթե որևէ մեկի մոտ առաջարկ ծագի օգնել նաև զոհված ընտանիքներին, դեմ չեմ, բայց նաև խորհուրդ կտամ այդ հարցով դիմել ռուս իրավապահներին և պահանջել գտնել «անհայտ կորած» ֆիրման, որն էլ պարտավոր է փոխհատուցել ողբերգության համար»:

Նախորդ հոդվածը‘«Նիկոլ Աղբալյան» միության անդամները ՌԴ դեսպանին մաշված խալաթ կփոխանցեն’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանում վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքը չի փոխվել’