‘«Գանձասարի շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են»’

693

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը պատասխանել է 350 մտավորականների նամակին, որոնք իրենց մտահոգությունն էին հայտնում Գանձասարի վանական համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքների հետ կապված: Հայտարարության մեջ նշվում է.

«Ի պատասխան ԼՂՀ նախագահին հղված մի խումբ մտավորականների բաց նամակի` կապված Գանձասարի վանքի շրջապարսպի երեսապատման աշխատանքների հետ, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հայտնում է.

Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են:  ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` բացառելու համար վանական համալիրում հուշարձանի արտաքին տեսքն ու պատմական կերպարն աղճատող ցանկացած շինարարական միջամտությունները:

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հարկ է համարում նաև իրազեկել, որ ըստ մասնագետների կողմից դեռևս 2011թ. կատարված ուսումնասիրությունների և եզրակացության՝ վանքի շրջապարիսպները եւ այլ շինությունները կարիք ունեն համալիր գիտավերականգնման աշխատանքների` համաձայն մշակված նախագծի: Ուստի, մինչ այժմ վանական համալիրի շրջապարիսպների վրա իրականացված երեսապատման աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը, բնականաբար, չի կարող որևէ ազդեցություն ունենալ գիտավերականգնման նախագծային լուծումների և ապագայում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա, որոնց ընթացքում բոլոր ի հայտ եկած թերությունները կվերացվեն:

Հուշարձանի համալիր գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն դրանց ֆինանսավորման հետ կապված հարցերը լուծելուց հետո»:

Նախորդ հոդվածը‘«Սերժիկ սրիկա» պաստառի համար Վարդգես Գասպարիին տարել են ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Բալետի պարողը զրկվել է աշխատանքից պոռնոյի պատճառով’