‘
Երեւանի Հալաբյան 34 հասցեում գտնող բազմահարկ շենքի բնակիչները վրդովված են: Տարիներ առաջ շենքին կից կառուցված խոշոր առեւտրի կենտրոնի սեփականատերերը որոշել են է՛լ ավելի մեծացնել կցակառույցը, ինչը ներքեւի հարկերի բնակիչներին անհարմարություն է պատճառում:
Շենքի բնակիչները iLur.am-ին հայտնեցին, որ կցակառույցի տերը, որը նաեւ «Գառդեռոբ» հագուստի խանութների ցանցի սեփականատերն է, որոշել է տանիքի վրա սրճարան բացել: Ներկայումս շենքի առաջին հարկում արդեն մանկական սրճարան է գործում: Բազմաբնակարան շենքի երրորդ հարկի բնակարանների լուսամուտները բացվում են ուղիղ նորակառույցի տանիքի վրա: Եւ այժմ ընթացող շինարարական աշխատանքների աղմուկը եւ փոշին խանգարում են բնակիչներին: Բացի դրանից, նրանք դժգոհում են, որ շենքի օդափոխիչ համակարգերը, որոնք նույնպես դուրս են գալիս իրենց պատուհանների մոտ, նույնպես աղտոտելու են օդը:
«Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ որ կաֆեն բացվի: Ամեն օր մեր երեխաները ստիպված պետք է աղմուկի տակ քնեն», — ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները պնդում են, որ շինարարությունն ընթանում է առանց համապատասխան թույլտվության: Նրանց խոսքով, այդպիսի թույլտվություն ընդհանրապես չի էլ կարող լինել, որովհետեւ շենքին կից շինարարությունը հակասում է քաղաքաշինական բոլոր նորմերին: Ամեն դեպքում, նրանք ահազանգել են քաղաքապետարանի համապատասխան վարչությանը՝ այցելել եւ լսել իրենց բողոքները: Բնակիչները պնդում են, որ քաղաքապետարանից իրենց պահանջը չբավարարելու դեպքում դատարան են դիմելու:
iLur.am-ը հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք նշված հասցեում ընթացող շինարարության համար սեփականատերը թույլտվություն ունի:
‘