‘Գասպարիի պաշտպանները միջնորդել են, որ դատավորը դատահոգեբուժական փորձաքննություն անցնի’

1226

Այսօր շարունակվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատավարությունը, որի ժամանակ Գասպարիի փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդել են, որպեսզի դատավոր Նելլի Բաղդասարյանն անցնի դատահոգեբուժական փորձաքննություն: Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ:

«Մեզ մոտ և, կարծում եմ, նաև այս ամենի ականատեսների գերակշիռ մեծամասնության մոտ, իսկապես կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության կապակցությամբ», — Լուսինե Հակոբյանի խոսքն է մեջբերում «Ազատությունը»: Փաստաբանը կասկած է հայտնել, որ դատավորն ի վիճակի է գործը շարունակել և կարիք ունի մասնագիտական օգնության: «Այս եզրակացությունը հիմնված է վերը նկարագրված հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային և հիստերիկ գնահատվող տարբեր դրսևորումների վրա», — նշել է Հակոբյանը:

Նելլի Բաղդասարյանը միջնորդությունը գնահատել է որպես իրեն ուղղված մեղադրանք ու սանկցիա է կիրառել պաշտպանի նկատմամբ, ընդհատելով նաև միջնորդության հրապարակումը՝ ասելով․ «Կոռեկտ եղեք Ձեր արտահայտություններում»:

Նույն կերպ դատավորը ընդհատել է նաև փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքը, որը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել դատավորի գործողությունները ու նրան ինքնաբացարկի դիմում ներկայացրել․  «Ես կարծում եմ, որ Դուք Ձեր իրական ժամանակահատվածում չեք կյանք եկել»:

Դատավոր Բաղդասարյանը նրա նկատմամբ նույնպես սանկցիա է կիրառել:

Եգորյանի փոխանցմամբ՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին պատասխանատվության ենթարկելու համար առաջիկա օրերին դիմելու են Արդարադատության խորհուրդ․  «Միգուցե այն պրոբլեմներից, որոնցով ինքը թաղել է իրեն այս գործի շրջանակներում չգիտակցված գործողությունների, որոշումների արդյունքում, նա, ինձ թվում է, գտնվում է սրացված սթրեսային վիճակում»:

Փաստաբաններն ու Գասպարին հեռացան դահլիճից, ինչը Բաղդասարյանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, կրկին սանկցիաներ կիրառեց, մերժեց ներկայացված երկու միջնորդությունները ու դատավարությանը Վարդգես Գասպարիի ներկայությունն ապահովելու համար նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Դատավարությունը կշարունակվի վաղը:

Նախորդ հոդվածը‘ «Իմ ախպերԸս, ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն…». Սերժ Սարգսյանը պարգեւատրել է իր իսկ եղբորը’
Հաջորդ հոդվածը‘Գորիսի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են, դատախազն ու քննչական կոմիտեի պետը դեռ աշխատում են’