‘Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ’

528

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձէ հղել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Քրիստոսահաստատ մեր նվիրական սրբավայրից, Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ մեր ողջ ժողովրդին և քաջարի մեր բանակի զորաց ու զորականաց։

Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Հայոց բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր բանակի մարտիկները հերոսանում և իրենց կյանք են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Այս տոնական օրը մենք հիշում ու մեծարում ենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, և բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին։

Մաղթում ենք, որ Հայոց բանակի մարտիկները հոգու նվիրումով ու արիությամբ, նախանձախնդրորեն շարունակեն իրենց մշտարթուն ծառայությունը և բազմապատկեն Հայոց բանակի ձեռքբերումները` պաշտպանելով մեր երկիրը, մեր արժեքներն ու սրբությունները:

Թող Ամենակալ Տերը խաղաղություն շնորհի ողջ աշխարհին և Իր Ամենախնամ Աջի հովանին տարածյալ պահի հայոց երկրի, զորաց ու զորականաց և ժողովրդի վրա:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ: Ամեն:

 

Նախորդ հոդվածը‘Աս-Սիսին առաջադրվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ‘