‘
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչական ժողովի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն անդրադարձել է վերջին ամիսներին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակին: Նա, մասնավորապես, հույս է հայտնել, որ պատրիարքարանի նորընտիր տեղապահը «նախանձախնդրությամբ կիրականացնի պատրիարքարանի ընթացիկ աշխատանքները և ընդունված կարգով և կանոնադրությանը համապատասխան կկազմակերպի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը»:
Միեւնույն ժամանակ, haydzayn.am-ը տեղեկացնում է, որ Պոլսո պատրիարքի պաշտոնի հիմնական հավակնորդներից Սահակ եպիսկոպոս Մաշալյանը չի բացառել, որ կարող է
զիջել իր թեկնածությունը հօգուտ գործող տեղապահ Գարեգին Բեքչյանի:
«Եթէ Պեքճեան սրբազանը յարմար նկատէ պատրիարք ըլլալ, ապա ես պատրաստ եմ ընտրական մրցավազքէն դուրս գալ: Իմ կարծիքով Պոլսոյ մէջ այսօր այդ գետինը պատրաստ է եւ եթէ ես հրաժարիմ ընտրական մրցավազքէն, ապա Պեքճեան սրբազանի պատրիարք ընտրուիլը շատ արագ եւ խաղաղ կերպով կ’ապահովուի», — ասել է Մաշալյանը:
Հիշեցնենք, այս տարվա փետրվարին հենց Մաշալյանի ընդվզումը առիթ դարձավ, որ վերջնականապես բարձրացվեց Պոլսո պատրիարքի՝ 9 տարի ի վեր ձգձգվող ընտրության հարցը:
Պատրիարքի աթոռը փաստացի թափուր է մնացել այն բանից հետո, երբ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ընկել է կոմայի մեջ: 2016-ի հոկտեմբերին որոշվեց, որ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է եւ չի արող վերադառնալ իր պարտականությունների կատարմանը:
ՀԱԵ եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որը կտևի հունիսի 6-9-ը, օրակարգում ունի հետևյալ հարցերը. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի դիվանի և հանձնախմբի ընտրություն, Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի քննարկում, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ընտրություն, զեկույց թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման վերաբերյալ:
‘