‘Գարեգին Բ-ն կոչ է անում ակտիվացնել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը’

775

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոկտեմբերի 30-ին Պուսանում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովի բացմանը կոչ է արել  ակտիվացնել Մերձավոր Արեւելքում հավատի համար հետապնդումներից քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը:

Ինչպես հաղորդում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այդ թեման շոշոփել են նաեւ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլաֆ Թվեյթը եւ վեհաժողովի մի շարք մասնակիցներ, որոնք ելույթ են ունեցել առաջին օրը: Աշխարհի տարբեր կետերում քրիստոնյաների հալածանքների խնդրին հատուկ ուշադրություն է  դարձնում նաեւ Ռուսական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը` արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկու գլխավորությամբ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: «Մենք խորապես ցնցված ենք մեր խաչակից եղբայրների եւ քույրերի սարսափելի տառապանքներից: Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք ականատես դառնում ծայրահեղականների կողմից նրանց հալածանքներին (եւ երբեմն` իշխանությունների անտարբերության պատճառով) այն բանի համար, որ իրենք քրիստոնյա են: Մերձավոր Արեւելքում բռնության ենթարկվող քրիստոնյաները վկայում են  մեր օրերում նահատակության մասին: Մեր ուժերում է, մեր հայրենի երկրներում եւ այս վեհաժողովում միավորել մեր ձայները եւ գործողությունները` բռնությունը կանխելու եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու համար», — հայտարարել է Գարեգին Բ-ն: Նրա ասելով, առաքելական ժամանակներից քրիստոնեական համայնքները Մերձավոր Արեւելքում ապրել են խաղաղ եւ բարեբեր, քրիստոնյաները խաղաղարարների պատմական դեր են  խաղացել տարածաշրջանում: Եվ նրանց նկատմամբ վերաբերմունքը «արդարության թեստ է նրանց երկրներում` թե արդյո՞ք տեղի իշխանությունները և բնակչության մեծ մասը հարգում են մարդու իրավունքները»: «Մենք պետք է վճռականորեն հայտարարենք մարդու իրավունքների դոկտրինի  համընդհանրության մասին. խոսքը Սիրիայում եւ Եգիպտոսում կյանքի համար մղվող պայքարի մասին լինի, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ բնակիչների ինքնորոշման իրավունքի մասին», — նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանում ռուսական բազան «կարող է ներգրավվել»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’