‘Գարեգին 2-րդ. Հռոմի նորընտիր պապը անկեղծ սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ’

827

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես, ասվում է.

«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:
Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:
Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով,  կրթական և բարեսիրական բազում ծրագրերով:
Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության…»:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության պատասխանատուները սպասում են արձակուրդներին՝ գրիպի համաճարակը կանխարգելելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հրաժարական է ներկայացրել ԵՄ օմբուդսմենը’