‘Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը’

1575

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն արտասահմանցի քաղաքական գործիչներին կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։

«Որպես կանոն ես սովորաբար դեմ եմ մարզական միջոցառումները ուշացումով բոյկոտելուն, քանի որ կարծում եմ՝ դա պատժում է բացառապես մարզիկներին: Սակայն ես դեմ եմ Մոսկվայի ռեժիմին ու այն թշնամական գործողություններին, որոնք իրականացնում է Ռուսաստանի ղեկավարությունը»,- Frankfurter Allgemeine Zeitung թերթի սյունակում գրել է Կասպարովը։

Ռուսաստանի կողմից թշնամական գործողություններից մեկը Կասպարովը համարում է ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը, որը տեղի էր ունեցել մարտ ամսին Մեծ Բրիտանիայում: Գրոսմայստերը նաեւ քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել էր երկրի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» մեգատրասնֆեր է պատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Չինացիները պատրաստ են 80 միլիոն եվրո վճարել Բենզեմայի համար’