‘Գարուն է. Մամուլ’

4226

Ի՞նչ ասեմ, մոլորվել եմ, խճճվել եմ… ոչինչ չեմ հասկանում։

25 տարի առաջ Օպերայի հրապարակում էինք… ի՞նչ էր դա, ո՞նց պատահեց, ի՞նչ ուժ էր, զարթոնք էր, հավատ էր, արժանապատվություն էր, միասնություն էր…

Հետո պատերազմ էր։ Գնում էի Օպերայի հրապարակ, որտեղից մեր տղաներին տանում էին Եռաբլուր… Լաց էինք լինում, անչափ վշտում մղկտում էինք, բայց հավատում էինք։ Հավատում էինք, որ հաղթելու ենք, որ լավ երկիր ենք ունենալու, որ մենք ենք մեր երկրի տերը լինելու…

Հիմա եմ հասկանում, որ այն ժամանակ դեռ, երբ պատերազմի դաշտում մեր ջահելները զոհվում էին, մեր կողքին սարքվող սեփական դղյակներն արդեն վատ բան էին գուժում։ Ո՞նց չհասկացանք, որ դա սկիզբն էր… ժողովրդի ու նաև ապագայի պարտության։

Հաղթեցինք պատերազմը։ Հայ ժողովուրդը պատերազմը հաղթեց:

Հետո… հոկտեմբերի 27… հետո մարտի 1…

Ի՞նչ պատահեց, ո՞նց պատահեց… ո՞վ արեց և ինչո՞ւ արեց։ Մենք մե՞զ…

88-ի մեր ժողովուրդը ո՞ւր մնաց։ ժողովուրդը ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ։

Ի՞նչ, ժողովո՞ւրդ… կորցրած հավատով, գաղթականի ցուպը ձեռքին, անօգնական ընտրազանգված, իրական դիտորդի կարգավիճակով, համբերությամբ լցված, որ գուցե վերջապես… մի օր…

Ես հպարտ եմ, որ իմ սերունդը մեր կորցրած հայրենիքի մի կտորը հետ բերեց, բայց ես ամաչում եմ, որ իմ սերունդը նաև ավերածություններ արեց սեփական երկրում…

Ուզում եմ գոռալ, բարձր, շատ բարձր, «…խնդրում եմ, շատ եմ խնդրում, մեր ու մեր ժառանգների երկրի հետ մի քիչ խնամքով…»:

Լիլիթ Արզումանյան

«Գրական թերթ»

Նախորդ հոդվածը‘Գորիսում, Կապանում և Մեղրիում ձյան շերտի հաստությունն անցնում է 40 սմ-ից’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Խաղը շրջեց Մոդրիչը’