‘Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պարզաբանումը’

1051

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել երեկվա միջադեպի հետ կապված, որտեղ ներկայացնում է տեղի ունեցածի իր վարկածը և փորձում է արդարացնել իր անվտանգության աշխատակիցների պահվածքը: Հայտարարություն տակ տեղի ունեցած քննարկումից պարզ է դառնում, որ Կասկադում նկարահանումներ իրականացնելու համար պետք է այնուամենայնիվ ստանալ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի թույլտվությունը: Հիշեցնենք, որ Կասկադը դա հանրային տարածք է, իսկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պարզապես վարձակալել է այն և սեփականության մասին խոսք լիենել չի կարող (հիշեցնենք, որ անվտանգության աշխատակիցները պնդում էին, որ Կասկադը մասնավոր տարածք է): Հարկ է նաև Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս խնդրին: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պետք է ստիպի վարձակալին կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները և չխոչընդոտի քաղաքացիներին իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք արգելված չեն օրենքով: Ինքնիրավչությունը արգելված է օրենքով և քրեօրեն պատժելի է:

Ստորև ներկայացնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայտարարությունը.

 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցավում է հունվարի 18-ին կենտրոնի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի՝ համատեքստից դուրս փոքրիկ դրվագը ներկայացնող տեսանյութը, ցավոք սրտի, ողողել է հայալեզու համացանցը՝ առաջացնելով շատերի ցասումը: Սակայն նկատի ունենալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայանպաստ, հայրենասեր և հայրենանվեր գործունեությանը, պետք է փաստել, որ անհնարին է արգելք դրվի կենտրոնի տարածքում որևէ ազգային խորհրդանիշի նկարահանման կամ տարածման վրա:

Ստորև ներկայացնում ենք միջադեպի ողջ պատկերը, այդ թվում այն դրվագները, որ զետեղված չեն տեսանյութում:

Հունվարի 18-ին մի խումբ անձինք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների պարտեզում ֆոտո- և վիդեոնկարահանումներ իրականացնելու փորձ են կատարել: Կենտրոնի անվտանգության աշխատակիցը ճշտել է՝ ինչ նպատակով են արվում նկարահանումները: Տեղեկանալով, որ նկարահանվող կադրերը նախատեսված են հայ մեծանուն ազատամարտիկ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող փաստագրական ֆիլմի համար, աշխատակիցը տեղեկացրել է, որ նման նկարահանումը պետք է նախօրոք գրանցվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գրասենյակում, ու քանի որ աշխատանքային օր չէր, անվտանգության աշխատակիցը խնդրել է գալ հաջորդ օրը՝ երկուշաբթի, հունվարի 19-ին:

Իրավիճակը թեժացել է, որովհետև մարդիկ չեն ցանկացել լսել ընթացակարգի մասին, արդյունքում նկարահանող խմբի անդամ Սրապիոն Գևորգյանը անտեղի ափերից դուրս է եկել, և դա կարելի է նաև լսել այդ տեսանյութում: Նշենք, որ նրան ստիպված են եղել կարգի հրավիրել տարածքում եղած ոստիկանները, որոնք երևում են նաև տարածված տեսանյութում:

Ավելորդ լարվածության արդյունքում, անվտանգության աշխատակիցներից մեկը կտրուկ արձագանքեց հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան, ինչը ևս, ընդունում ենք, անտեղի է եղել, և այդ աշխատակիցն ստացել է նկատողություն Կենտրոնի տարածքում անվտանգություն իրականցնող համապատասխան կազմակերպության կողմից: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայցում է բոլորի ներողամտությունը այդ պահնորդի կտրուկ պահվածքի համար:

Այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցները նախօրոք տեղեկացրել են ընթացակարգի մասին, և ստեղծվածը առաջին հերթին թյուրըմբռնում է, քան թե առիթ, որպեսզի առաջին պլան մղվի համատեքստից դուրս 2-րոպեանոց տեսանյութը, որտեղ հնչում են միայն նախադասություններ՝ կապված Հայոց եռագույն դրոշի հետ:

Բնականաբար Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երբեք դեմ չի եղել իր տարածքում Հայոց եռագույնի ծածանմանը: Ավելին, աջակցել է մի շարք հայրենասիրական տեսահոլովակների նկարահանումներին, որտեղ հայոց դրոշը կենտրոնական դեր է գրավում, այդ թվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում ծավալվող դրվագներում:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Կոնգրեսի Ամասիայի կառույցի ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակման գործի կոծկումը ընթացքում է’