‘ԳԴՀ դեսպան. ԵՄ և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները սրբագրման կարիք ունեն’

724

Երևանը քաղաքական կամք ունի Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը նոր, սրբագրված ձևաչափով շարունակելու համար: Դեկտեմբերի 12-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Եվրոպական ինտեգրացիա — 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովում:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Վիլնյուսում ասոցացման շուրջ համաձայնագիր չստորագրեց, այդ երկիրը կշարունակի մասնակցել «Արևելյան գործընկերությանը»: Այդ համատեքստում Եվրամիության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները սրբագրման կարիք ունեն: Եվ այդ գործընթացն արդեն ընթանում է: ԵՄ ցանկանում է, որպեսզի հայ հասարակությունն ակտիվորեն ներգրավվի Եվրոպայում, շփումներ հաստատի: Կենսաչափական անձնագրերի ներդնումը, վիզային ռեժիմի դյուրացումը, Հայաստանի և ԵՄ միջև ռեադմիսիայի շուրջ պայմանագրի ստորագրումը այդ ծրագրի մի մասն են, ԱրմԻնֆոյի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:

 

Նրա կարծիքով՝ ԵՄ-ի համար Հայաստանում իրականացվող բարեփոխումների կարևորագույն մասը Հայաստանի օրենսդրության դրույթների իրագործումն է: Պակաս կարևոր չէ նաև առկա գործընթացների և որոշումների քննարկումը հենց հայ հասարակության շրջանում: Ընդ որում՝ Հայաստանը, Մորելի գնահատմամբ, արդեն ընթանում է այդ ուղով:

 

Մեկնաբանելով «Արևելյան գործընկերության» ծրագրին առնչվող իրավիճակը` դեսպանը հիշեցրել է, որ Մոլդովան և Վրաստանը Վիլնյուսում նախաստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինան այն նախաստորագրել է, սակայն չի ստորագրել: Բելառուսը Մաքսային միության անդամ է, և, հաշվի առնելով դրան միանալու՝ Հայաստանի մտադրությունը, կարելի է նշել, որ Հայաստանն ու Բելառուսն այդ առումով նույն հարթությունում են, միայն այն տարբերությամբ, որ Մինսկը, ի տարբերություն Երևանի, շատ հեռու է ԵՄ հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց: «Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, որը ձգտում է ԵՄ հետ հատուկ ռազմավարական հարաբերությունների: Ամեն դեպքում, բոլոր այդ նախագծերը ԵՄ անդամություն չեն ենթադրում, սակայն մասնակից երկրներին թույլ են տալիս գտնվել Եվրոպայի հետ հարաբերությունների պատշաճ հասանելիության սահմաններում: Թույլ են տալիս ունենալ բաց տնտեսական սահմաններ», — ամփոփել է Գերմանիայի դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնը Կիևին կոչ է արել բանակ չհանել ցուցարարների դեմ’