‘ԳԴՀ դեսպան. Ոչ ոք պատրաստ չէր Մաքսային միությանը միանալու որոշմանը’

1126

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, երեկ ելույթ ունենալով գերմանական Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստան-Եվրոպա: Առասպելներ, մարտահրավերներ և հնարավորություններ բարդ գործընկերությունում» համաժողովի ժամանակ, հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումը անսպասելի էր, ոչ ոք տեղյակ չէր դրանից, և ոչ մեկը պատրաստ չէր դրան:

Դեսպանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հարցին, նշեց, որ երկու կողմերն էլ պետք է որոշեն, թե ինչ է հնարավոր անել ապագայում, և թե ինչն այլևս հնարավոր չի լինի շարունակել:

Իր ելույթում Ռայներ Մորելը նաև նկատեց. «Հայաստանը, լինելով «Արևելյան գործընկերության» երկրներից մեկը, հավանաբար՝ ամենաբարդ աշխարհաքաղաքական վիճակում գտնվող երկիրն է, ինչը պետք է հաշվի առնվի»:

Ընդգծելով համաժողովի կարևորությունը՝ դեսպանը նկատեց, թե քանի որ Հայաստանի կառավարությունը իր ժողովրդին չի ներգրավել դեպի Եվրոպա և դեպի Մաքսային միություն տանող ճանապարհների վերաբերյալ որևէ քննարկման մեջ, ուստի համաժողովի անցկացումը շատ կարևոր էր:

Նախորդ հոդվածը‘iLur բլոգ. Պարտքի զգացում նախևառաջ ներկայի առջև, նոր միայն` անցյալի’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն և Արբելոան խայթում են միմյանց Twitter-ում’