‘Գեղամ Մանուկյան. Երկու դետալ է մոնտաժվել ասուլիսից ‘

1189

«Նախագահական նստավայրից հրավիրել էին ասուլիսի և, պատճառաբանելով տեղի անհարմարության հարցը, ասացին, որ նախագահական նստավայրի օպերատորները կնկարահանեն ասուլիսը ու կտրամադրեն»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Երկիր Մեդիա հ/ը տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի ասուլիսին չէին հրավիրվել հեռուստաընկերությունների օպերատորները:

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր օպերատորները հրավիրվեին, միգուցե կադրային լուծումներն այդ ժամանակ ուրիշ կլինեին, կաշխատեին ավելի օպերատիվ ու արագ, բայց, հաշվի առնելով, որ նման կարգի ասուլիսները տարբեր կերպ են կազմակերպվում, ուստի մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Գեղամ Մանուկյանը: Այն հարցին՝ արդյո՞ք շատ նյութ է մոնտաժվել ասուլիսից, Գեղամ Մանուկյանը նշել է, որ, թեև ամբողջությամբ չի տեսել ասուլիսը, սակայն սղագրությունը տպագիր տարբերակով կարդալուց հետո, կարող է ասել, որ էական նյութ չի մոնտաժվել, բացառությամբ երկու դետալից, որը կապված էր հենց իր հարցի հետ:

«Ես ցանկանում էի պատասխան խոսք ասել, Սերժ Սարգսյանը ասաց, որ երկրորդ հարցի հնարավորություն կլինի: Վերջում արդեն խոսք վերցրեցի և ասացի, որ, ճիշտ է՝ ես ակնոցներ կրում եմ, բայց դրանք ո՛չ վարդագույն են ցույց տալիս, ո՛չ էլ՝ սև, մենք տեսնում ենք իրականությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

 

Աղբյուրը՝ «ԳԱԼԱ» հ/ը

Նախորդ հոդվածը‘«Քաղբանտարկյալները Հայաստանում». ԵԽ Նախարարների կոմիտեն պատասխանել է Լեւոն Զուրաբյանի հարցմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայում ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել’