‘Գեղամ Նազարյան. պետք է քաջություն ունենալ եւ ընդունել, որ ընտրությունները տապալվեցին’

2563

Գեղամ Նազարյան. ժամանակին հնչեց ԲՀԿ-ի կոչը` ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւավորելուն

iLur.am-ը ներկայացնում է հարցազրույց քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ

-Նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջապես իր դիրքորոշումն արտահայտեց ԲՀԿ-ն: Ձեր գնահատականն այդ հայտարարության վերաբերյալ ինչպիսի՞նն է:

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չշտապեց իր գնահատականը տալ, բայց եւ չուշացրեց: Հայտարարությունը հնչեց ճիշտ պահին: Այժմ իրավիճակը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից եւ դա չնկատելը, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Այս իրավիճակում անչափ կարեւոր է ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության այն հատվածը, որտեղ շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում:

-Ո՞րն է, ըստ ձեզ, առկա փակուղային իրավիճակից դուրս գալու ելքը:

-Առաջին հերթին պետք է քաջություն ունենալ եւ ընդունել, որ նախագահական ընտրությունները տապալվեցին եւ քաղաքական ճգնաժամը աստիճանաբար բերելու է կառավարման ճգնաժամի: Այս իրավիճակում ճիշտ ժամանակին հնչեց ԲՀԿ-ի կոչը` ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:

-Որքանո՞վ է իրականանալի քաղաքական հիմնական ուժերի կողմից մեծ օրակարգի ձեւավորումը:

-Կարծում եմ, որ այս իրավիճակում դա անհրաժեշտություն է: Մենք ժամանակ չունենք լսելու ընտրությունների եւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները: Երկիրը արմատական բարեփոխումների կարիք է զգում եւ առանց մեծ օրակարգի ձեւավորման մենք կտապալվենք, իսկ  իրավիճակն էլ կդառնա քաոսային`դրանից բխող բոլոր հետեւանքներով:

-ԲՀԿ-ի հայտարարության հրապարակումից հետո ֆեյսբուքյան որոշ ակտիվիստներ անմիջապես սկսեցին հարցադրումներ անել, թե հիմա ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի՞, թե՞ ժողովրդի կողքին է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-ԲՀԿ հայտարարությունում հստակ ընդգծված է, թե ԲՀԿ-ն ում կողքին է: Ինչ վերաբերում է հաստիքային ստատուսագիրներին, ապա ԲՀԿ-ն ինչ հայտարարություն էլ որ աներ, նրանք միեւնույն է` քննադատելու էին: Նրանք հենց սոցիալական ցանցերում են ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին եւ իշխանությունների ազդեցության տակ չգտնվող բոլոր ուժերին հեղինակազրկելու եւ քննադատելու համար: Այնպես որ, նման հայտարարություններին չի կարելի լուրջ վերաբերվել:

 

Արսեն Արամյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Հույս ունենանք, որ այս երեք տարում մեր երկրներն թշնամանքից, բացասականից կկարողանան առաջ շարժվել’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը ներողություն է խնդրել Լոմբերտսից’