‘Գեղի կլուբ. Արդյոք ո՞վ է ավելի թուրք’

3586

Հայ հասարակությանն արդեն քանի տարի հանգիստ չի տալիս այն հարցի պատասխանը, թե արդյոք ով է ավելի թուրք: Նախ` փորձենք ճշտել` ինչ է թուրքը, որից հետո երևի կպարզվի ավելին ու պակասը: Գիտությանը հայտնի է, որ թուրքերն ունեն երկու ձեռք, երկու ոտք, մեկ գլուխ՝ վրայի բոլոր պահանջվող տեսողական ու լսողական օրգաններով:

«Ավելի թուրքի» փնտրտուքը հայ հասարակության շրջանում ուժգնանում է այն պահերին, երբ ինչ-որ մեկն օտարների առաջ սկսում է քննադատել գործող իշխանություններին: Դե՛, քննադատությունն էլ հո քննադատություն չի. է՛լ մարդասպանությամբ իշխանության գալ, է՛լ երկիրը կազինոներում կրվել, է՛լ մարդկանց բանտերում պահել ու խոշտանգել, է՛լ ընտրությունները կեղծել ու երկրի բոլոր ռեսուրսները թալանել… Հիմա հետաքրքիր է, այս ամենը բնորո՞շ է թուրքերին, թե՞ ոչ: Ինչքան գիտեմ` այսօրվա Թուրքիայում որևէ պաշտոնյա եթե կազինոյում երկրի փողերը պարտվի, ապա հաջորդ օրն իսկ կդատապարտվի ցմահ ազատազրկման: Եթե որևէ պաշտոնյայի եղբայր, լինելով ՊԱԶ-ի վարորդ, մեկ օրում դառնա միլիոնատեր և ստիպի, որ բիզնեսմեններն իրենց ունեցվածքն իր հետ կիսվեն, հաջորդ օրն իսկ նրան ու նրա եղբորը կդատապարտեն գնդակահարության: Եթե որևէ մեկը փորձի պետական հեղաշրջում անել և ժողովրդի ձայնը գողանալ, մինչև կյանքի վերջը նրան դուրս կշպրտեն քաղաքականությունից էլ, երկրից էլ:

Իսկ միգուցե մեկմեկու թրքության համար «մեղադրելով»` մեր քաղաքական գործիչները պարզապես հաճոյախոսու՞մ են, թե նայիր` ինչպիսի եվրոպական արժեքների կրող է դիմացինը:

Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու չլիներ:

Երբ ԵԽ-ում երկրի ղեկավար կոչվածն իր ելույթը կառուցում է այն հիմքի վրա, որ մի դերասան ասել է, թե ադրբեջանցիների համար Ղարաբաղը պարզապես տարածք է, իսկ մեզ համար` սրբազան հայրենիք, երբ անկախ երկիրը ներկայացնող մարդը հայտարարում է, թե իր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, երբ այդ երկրի պատգամավորը հարցնում է երկրի փաստացի նախագահի՝ կազինոյում միլիոններ կրվելու մասին, իսկ այդ նախագահն էլ պատասխանում է, թե, ցավոք սրտի, այդքան փող չունի, փոխանակ ասելու, որ անօրինականություն և անբարոյականություն է սոված երկրում պետական պաշտոնյայի միլիոնատեր դառնալը` այսքանից հետո ավել կամ պակաս թուրք փնտրելն ավելորդ է:

Հայաստանը վերածվել է մի փոքրիկ գեղի կլուբի, որտեղ, երբ նեղն են ընկնում` թուրքեր են փնտրում՝ մոռանալով, որ այդ նույն թուրքն իր երկիրը դարձրել է տարածաշրջանի ամենահզոր պետությունը:

Հ.Գ. «Հայը թուրք մըն է, որ շատ կուզէ հայ ըլլալ:» Ուիլիամ Սարոյան

 Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘«Արմենիա» ՓԲԸ-ն այսուհետ ռեսուրսներ չի տրամադրի «Զվարթնոցի» հին շենքի համար’
Հաջորդ հոդվածը‘Այս տարի ՀՀ ԶՈՒ-ում գրանցվել է 24 միջադեպ, որի հետևանքով մահացել է 25 զինծառայող (տեղեկանք)’