‘
Ուկրաինայի գերագույն ռադան հինգշաբթի ընդունել է կառավարության ներկայացրած օրենքը՝ կոմունիստական և նացիստական ամբողջատիրական վարչակարգերը դատապարտելու վերաբերյալ, և արգելել է դրանց քարոզն ու սիմվոլիկան:
Օրենքի գլախվոր դրույթներից մեկը 1917-1991 թթ. Ուկրաինայում կոմունիստական ամբողջատիրական վարչակարգը և պետական ահաբեկչության քաղաքականությունը հանցավոր ճանաչելն է և կոմունիստական քարոզչության և խորհրդանշանների արգելումը:
Հանցավոր է ճանաչվում նաև նացիստական ամբողջատիրական վարչակարգը: Ուկրաինայում արգելվում են նացիզմի քարոզչությունը, խորհրդանշանները, նացիոնալ-սոցիալիզմի բոլոր արժեքները, նացիստական և ֆաշիստական խմբավորումների ցանկացած գործունեություն:
Այս օրենքը նախատեսում է փոփոխություններ 14 գործող օրենքներում:
Միևնույն ժամանակ՝ Գերագույն ռադան օրենք է ընդունել «20-րդ դարում Ուկրաինայի անկախության պայքարի մասնակիցների» իրավական կարգավիճակի և նրանց հիշատակը հարգելու վերաբերյալ: Այդպիսիք են համարվում անկախության համար պայքար մղած բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ Ուկրաինական աշխարհազորային բանակը՝ կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում: Փոխանցում է Interfax-ը:
‘