‘
Ուկրաինայի անկախության օրվա առթիվ Կիևում անցկացվելիք ռազմական շքերթը «երկրաշարժ» կառաջացնի Կրեմլում: Այդ մասին NewsOne հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի «Պյոտր Պոռոշենկոյի դաշինքից» պատգամավոր Օլեգ Բառնան:
«Մենք պարծենալու բան ունենք: Շքերթը բոլոր այն քաղաքացիների հայրենասիրության չափումն է, որոնք ուզում են տեսնել մեր բանակի մարտունակությունը: Կարծում եմ, որ մեր զինվորականների քայլքը և մեր զրահատեխնիկայի դղրդոցը երկրաշարժ են առաջացնելու Կրեմլում»,- ասել է պատգամավորը:
Ռազմական շքերթը Կիևում կկայանա օգոստոսի 24-ին: Երկրի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան չորս հազար զինվորականներ և ռազմական տեխնիկայի 250 միավոր:
ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայայի կարծիքով՝ այն ամենը, ինչ անում է Ուկրաինայի իշխանությունը, ոչ թե շքերթ է, այլ անկախության պարոդիա, իսկ երկրաշարժի մասին հայտարարությունները կամ պարանոյա են, կամ անլիարժեքության բարդույթ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘