‘
PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։
Զինծառայողը պատմել է․ «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե «Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։ Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»։
Արծրուն Հովհաննիսյանն հավելել է նաեւ, որ սա միջազգային կոնվենցիաների խախտում է, բայց Ադրբեջանից սպասելի էր նման քայլ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Թթուջուր գյուղից հովիվ Մանվել Սարիբեկյանը գերի էր ընկել ադրբեջանական կողմին, որտեղ նրան «դիվերսանտ» էին հայտարարել։ Գերությունից մի քանի օր անց համացանցում տեղադրվել էր Սարիբեկյանի՝ նույն ANS հեռուստաընկերությանը տված «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ էր դարձել, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:
Իսկ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն տարածեցին Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին։ Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի:
‘