‘
Գերմանական բանտից ազատ է արձակվել մի կին, որը մեղավոր էր ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Այդ մասին հաղորդել է Focus ամսագիրը՝ հղում անելով իրենց աղբյուրներին:
«48-ամյա Հայդրուն Անշլագը, որի իսկական անունը հայտնի չէ, երկու օր առաջ, պայմանների համաձայն՝ անմիջապես Գերմանիայից մեկնել է Ռուսաստան: Նրա ամուսինը՝ 53-ամյա Անդրեասը, որը դատապարտվել է 6,5 տարի ազատազրկման, շարունակում է կրել իր կալանքը»,- գրել է պարբերականը:
Ամսագիրն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը չունի: Անշլագների փաստաբանների հետ կապվելու փորձերն ապարդյուն են անցել:
2013 թ. հուլիսին՝ դատավճիռն արձակելուց մի քանի օր անց, ռուսաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ամուսիններին կարող են փոխանակել արևմտյան գործակալներից որևէ մեկի հետ, ով իր կալանքն է կրում Ռուսատանում: Դրա հետ կապված՝ հնչում էր երկու անուն՝ Վալերի Միխայլովի և Անդրեյ Դումենկովի, որոնք ռուսաստանյան դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար՝ հօգուտ ԱՄՆ-ի և ԳԴՀ-ի լրտեսության մեջ:
Անդրեաս և Հայդրուն Անշլագ ամուսինները ձերբակալվել են 2011 թ. հոկտեմբերին: Մեղադրական կողմի վարկածի համաձայն՝ ամուսինները, որոնք ԳԴՀ են տեղափոխվել 1980-ական թթ. վերջին, սկզբում աշխատել են սովետական, ապա ռուսաստանյան հետախուզության համար: Անշլագների գործունեության մասին Գերմանիայում տեղեկացել են ԱՄՆ-ի ՀԴԲ-ից, որը 2010 թ., փախստակ Ալեքսանդր Պոտեևի շնորհիվ, բացահայտել էր ռուսաստանյան անլեգալ գործակալական ցանցը: Արդյունքում՝ դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ 5,5 տարվա: Ամուսինները դատավարության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալուց և իրենց մեղավոր չեն ճանաչել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘