‘Գերմանացի իրավապաշտպանի և Իրանի դեսպանի «թխի գա՛» ողջույնը մեծ աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) ‘

861

Մյունխենի՝ անվտանգության հարցերով 49-րդ միջազգային համաժողովում ԶԼՄ-ների ուշադրությունը հատկապես գրավել են Գերմանիայում Իրանի դեսպան Ալիռեզա Շեյխ-Աթարը և Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Կլաուդիա Ռոթը: Նրանց «ախպերական» ողջույնը տարակուսանք է հարուցել թե՛ Գերմանիայում և թե՛ Իրանում, գրում է Suddeutsche Zeitung-ը: Տեսախցիկներն արձանագրել են գործընկերների ջերմ հանդիպումը, որոնք պաշտոնի բերումով ստիպված են քննադատել միմյանց: 61-ամյա Շեյխ-Աթարը, նկատելով 58-ամյա Կլաուդիա Ռոթին, ժպիտով բարձրացնում է ձեռքը՝ կարծես թե ասի՝ «թխի գա՛», և Ռոթն էլ հաճույքով «թխում» է: Նշենք, որ իսլամի օրենքները իրանցիներին թույլ չեն տալիս նման ազատ փոխհարաբերություններ կանանց հետ: «Իրանի դեսպանը երբեք կնոջ ձեռք չի սեղմել, այդ թվում՝ նաև Կլաուդիա Ռոթինը», — ասել են Գերմանիայում Իրանի դեսպանատանը՝ արդարանալով, թե Շեյխ-Աթարն ընդամենն ուզեցել է  ձեռքով անել Ռոթին, բայց վերջինս նրան սխալ է հասկացել և «անսպասելիորեն դիպել նրա ձեռքին»: «Դեսպանն ինքն էլ էր ցնցված», -պարզաբանել են դիվանագետները:

Կլաուդիա Ռոթը 70-ական թթ. «Կանաչների» կուսակցության անդամ է: Նա հայտնի է մարդու իրավունքների համար իր մղած պայքարով: 1994 թ. խորհրդարանն ընդունեց նրա առաջարկը նույնասեռականների հավասար իրավունքները ճանաչելու  վերաբերյալ: Նա նույնիսկ անձամբ է մասնակցել Վարշավայում և Դրեզդենում անցկացվող գեյ-շքերթներին: 90-ականներին Ռոթն ակտիվորեն պայքարել է հանուն Թուրքիայի քուրդ փոքրամասնության իրավունքների, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Ժամանակն է, որ փաստացի մեկ կուսակցությունը վերածվի դե յուրե մեկ կուսակցության’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ ենք «Բորուսիայի» հետ խաղին’