‘
Ոչ ոք իրավունք չունի հարկադրելու կամ ստիպելու որևէ մեկին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵՄ և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ ճնշում չեն գործադրում, որպեսզի վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Գերմանիան ընդունեց իր սխալն իսրայելական ժողովրդի հանդեպ և նրանից ներողություն խնդրեց: Եվ Իսրայելի ժողովուրդը, որքան էլ նրա համար ծանր լիներ, ներեց մեզ, և այժմ մենք ապրում ենք հաշտ ու խաղաղ: Յուրաքանչյուր պետություն ինքը պետք է ընտրի իր զարգացման ուղին: Այսօր Թուրքիան այդպիսի պատրաստակամություն չի հայտնել: Միգուցե, նրան ավելի շատ ժամանակ է հարկավոր», — նշել է նա:
Գերմանացի դիվանագետն նշել է, որ Գերմանիան հրաշալի գիտակցում է, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին և դրանից հետո, դա մեծ ողբերգություն է հայ ժողովրդի համար: Նա նաև հիշեցրել է, որ գոյություն ունեն բազմաթիվ գրքեր, որոնք նկարագրում են այդ ողբերգությունը, և դրանք միայն գեղարվեստական չեն: «Կան տեղի ունեցած ողբերգության բազմաթիվ վավերագրական հաստատումներ, որոնց հեղինակները նաև գերմանացի գիտնականներ են: Ավելին, 9 տարի առաջ Գերմանիայի Բուդեսթագը ճանաչել և դատապարտել է այդ ողբերգությունը: 2015 թվականը` այդ ողբերգության 100-րդ տարելիցը, մեզ համար նույնպես կարևոր տարեթիվ է», — եզրափակել է դիվանագետը:
‘