‘Գերմանիայի նախկին նախագահին դատում են 719 եվրո կաշառքի համար’

812

Այսօր Գերմանիայում մեկնարկել է երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ դատական գործընթացը:  Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010թ ամառվանից մինչև 2012թ փետրվարը:

Գերմանիայի նախկին նախագահին մեղադրում են  2003-2010թ.թ. Ներքին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնում ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու մեջ:

Մեղադրող կողմի վարկածի համաձայն, 2008թ-ին «Օկտոբերֆեստ» փառատոնի համար Մյունխեն ժամանած Վուլֆի գործարար ընկերներից Դեյվիդ Գրենվոլդը Վուլֆի և նրա այն ժամանակվա կնոջ համար 510 եվրոյով հյուրանոցում համար է վարձել և ամուսնական զույգին ընթրիք է մատուցել, որը արժեցել է 209 եվրո: «Օկտոբերֆեստի» հենց հաջորդ օրը Վուլֆը Գրենվոլդից ստացել է նամակ, որով նրան խնդրում էին աջակցել գործարարի օրինագծերից մեկին, և նախագահը 2.5 ամիս հետո ընդառաջել է այդ խնդրանքին:

Մեղադրող կողմը գտնում է, որ այս երկու հանգամանքները իրար հետ կապ ունեն, և Վուլֆը՝ ի պատասխան ընկերոջ հյուրընկալության օգտագործել է վարչական ռեսուրսները նրա խնդրանքը կատարելու համար: Նշենք, որ Գրենվոլդը նույնպես գործով մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու համար:

Վուլֆը իր հրաժարականի մասին էր հայտարարել 2012թ փետրվարին: 51 տարեկան հասակում զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը՝ նա դարձավ երկրի ամենաերիտասարդ նախագահը, սակայն ընդամենը 19 ամիս անց հրաժարական ներկայացրեց՝ պաշտոնում մնալով նախորդներից ամենաքիչը:

Հիշեցնենք, որ նախագահի հրաժարականի պատճառ հանդիսացան գերմանական լրատվամիջոցների հրապարակումները՝ տան գնման նպատակով նրան արտոնյալ պայմաններում տրամադրված 500 000 վարկի կասկածելիության մասին: Այդ տունը ևս 2008թ-ին Վուլֆը գնել էր իր մեկ ուրիշ ընկերոջ կնոջից:

Ավելի ուշ երկու խոշոր պարբերականներ տեղադրել էին նյութեր, համաձայն որոնց, Վուլֆի կինը արտոնյալ պայմաններով օգտվել է Audi Q3 մեքենայից, որը նրան տրամադրվել էր արտադրողի կողմից գովազդային նպատակներով՝ մինչև շուկայում մեքենայի հայտնվելը: Հատկանշական է, որ Ներքին Սաքսոնիան տիրապետում է Volkswagen- կոնցերնի ակցիաների 20%-ին (դրա կազմի մեջ մտնում է նաև Audi-ն), իսկ Վուլֆը այդ ժամանակ կոնցերնի դիտորդական խորհրդի անդամ էր:

Նաև հայտնի է դարձել, որ նախկին նախագահը  Ներքին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնում 2007թ-ին մի քանի օր հանգստացել է Հյուսիսային ծովում գտնվող Սիլտ կուրորտային կղզու ճոխ հյուրանուցում՝ նորից նույն Գրենվոլդի հաշվին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Պապը մաֆիայի թիրա՞խ’