‘
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը աջակցում է գերմանացի այն քաղաքական գործիչներին, ովքեր հորդորում են Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն անվանել, գրում է Deutsche Welle-ն: Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա նշում է՝ «1915-ին տեղի ունեցածը կարելի է միավորել «ցեղասպանւթյուն» հասկացության մեջ»:
Շթայնմայերի՝ գերմանական սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի խոսքով՝ կարելի է հասկանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովների զգացմունքներն ու շարժառիթները: Միաժամանակ, գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս հարցի շուրջ շարունակաբար սրվող քաղաքական բանավեճերը կարող են բարդացնել կամ նույնիսկ անհնար դարձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը:
Իր հերթին, բունդեսթագում մեծամասնություն ունեցող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ չնայած Անկարայի դժգոհությանը: «Մենք կգտնենք այն ձեւակերպումը, որը համապատասխան ձեւով կներկայացնի Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության փաստը»,- Saarbrücker Zeitung-ի փոխանցմամբ՝ ասել է Յունգը:
Նա հավելել է, որ մոտ օրերին Բունդեսթագում ընդունվելիք բանաձեւի մեջ պետք է առկա լինի «ցեղասպանություն» բառը: Միաժամանակ՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ բառն իր ելույթում կարտաբերի նաեւ դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը:
Մինչ այժմ ԳԴՀ իշխանությունները հայերի ողբերգության մասին խոսելիս խուսափում էին «ցեղասպանություն» տերմինի կիրառումից՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու նպատակով: Ապրիլի 24-ին բունդեսթագում կընթանա ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը, փոխանցում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ցեղասպանության ճանաչման կոչով հանդես է եկել նաեւ գերմանական կանաչների կուսակցության ղեկավար, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը:
‘