‘Գերմանիայում 70 տարվա մեջ առաջին անգամ կվերահրատարակեն «Մայն Քամփֆը»’

775

Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի հետազոտողները նախատեսում են 2016 թվականին վերահրատարակել Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» (Mein Kampf) գիրքը: Այս մասին հաղորդում է The Local-ը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սա կլինի գրքի առաջին հրատարակումը:

Նոր հրատարակությունը բաղկացած կլինի երկու հատորից: Ընդհանուր առմամբ, գրքում կլինի երկու հազարից ավելի էջ: Առաջին 780 էջերին տպագրված կլինեն 1925թ. գրված գրքի 27 գլուխները: Մնացած էջերը կզբաղեցնեն հետազոտողների մեկնաբանությունները:

«Արդյունքում, գիրքը չի քարոզելու, այլ դատապարտելու է նացիզմը»,- հայտարարել է ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը (Andreas Wirsching):

Բավարիայի իշխանությունները տիրապետում են «Մայն Քամփֆի» հեղինակային իրավունքներին: Դրանք լրանում են 2015թ. վերջին (քանի որ գրքի հեղինակի մահվանից անցել է 70 տարի) եւ 2016 թվականից՝ ցանկացած հրատարակիչ կարող է տպագրել գիքը:

Հիտլերը «Մայն Քամփֆը» («Իմ պայքարը») գրել է՝ գտնվելով բանտում: Գրքում նա շարադրել է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները: բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Ռուսաստանում, «Մայն Քամփֆը»  ծայրահեղական նյութերի ցուցակում են ներառել եւ չեն թույլատրում հրատարակել: Գերմանիայում այդպիսի արգելք չկար, սակայն բավարական իշխանությունները նախընտրել են չհրատարակել այդ գիրքը: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանում դատապարտել են Ուկրաինայի հարցում ԵՄ միջամտությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ-ը հորդորել է ուշադրություն դարձնել ԼՂ հակամարտության գոտում լարվածությանը’