‘
Գերմանիայի իշխող դաշինքի կազմում ընդգրկված Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունը (ՔՍՄ) առաջարկել է «միգրանտներին հորդորել, որ տանը խոսեն գերմաներեն»:
ՔՍՄ-ի առաջարկն ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ քաղաքական դաշնակիցների քննադատության ալիք է բարձրացրել:
Նախագծի համաձայն՝ այն մարդկանց, ովքեր ուզում են մշտական բնակություն հաստատել երկրում, հարկավոր է հորդորել, որ գերմաներեն խոսեն ոչ միայն հասարակության մեջ, այլև ընտանիքում:
Իշխող դաշինքի մեջ են նաև Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Գերմանիայի սոցիալ-դեմոկարտական կուսակցությունը: Վերջինիս գլխավոր քարտուղար Յասմին Ֆահիմին գործընկերների առաջարկը վտանգավոր է համարել՝ հայտարարելով, որ ՔՍՄ-ն «հասել է Աբսուրդստան»: Իսկ սոցիալ-դեմոկրատների առաջնորդը Բավարիայում՝ Նատաշա Կոնենը, հեգնանքով նկատել է. «Հիմա մեզ ընդամենը պետք է լեզվական ոստիկանություն ունենալ, որը կվերահսկի այդ ամենը»: Փոխանցում է BBC-ն:
‘