‘Գերման Ավագյանը ներկայացրել է «Ծանոթ դեմքերի քաղաքը» (լուսանկարներ)’

1157

Երևանի «Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում» բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի «Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը, որին ներկայացված են 18 աշխատանքներ:

20 տարի առաջ լուսանկարիչը ներկայացրել էր նույն անունը կրող մեկ այլ ցուցահանդես:

«Քաղաքի դեմքերը փոխվում են, շատերն այսօր չկան, դեմքեր էլ կան, որ 20 տարի առաջ դեռ չէին ծնվել: Հետաքրքիր էր տեսնել, որքան են փոխվել քաղաքն ու դեմքերը: Երևան, Նյու-Յորք, Փարիզ` քարտեզի վրա պատկերված կոնկրետ քաղաք չեմ պատկերացնում, ինձ ծանոթ դեմքերի քաղաքն իմ մեջ է», — Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Գերման Ավագյանը:

«Ծանոթ դեմքերի քաղաք» նախագիծը ներառում է մոտ 70 լուսանկար, որոնք ցուցահանդեսի տեսքով շուտով ամբողջությամբ կներկայացվեն:

Սրճարանում բացված ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել Օհան Դուրյանի, Արթուր Մեսչյանի, Արամ Ղարաբեկյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վազգեն Սարգսյանի, Կարպ Խաչվանքյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայտնի մարդկանց լուսանկարները:

«Ցավալի է, բայց այսօր այս մարդկանցից շատերին չեն էլ ճանաչում: Այս ցուցահանդեսը մեր սերնդի հաղորդագրությունն է երիտասարդ սերնդին` պահպանեք, նրանք են մեր քաղաքի դեմքերը», — ասել է Գերման Ավագյանը:

«Ոմանց ամսագրի, կամ թերթի համար եմ նկարել, մյուսներին պարզապես` ինձ համար: Ամեն սերունդ իր կուռքերն ունի: Ճիշտ չի լինի, որ սկսեմ քաղաքի երիտասարդ դեմքերը նկարել, թող նրանք լուսանկարեն իրենց ժամանակի կուռքերին, հերոսներին ու հաղորդագրություն ուղղարկեն մեր սերնդակիցներին:  Վստահ եմ, արժանի երիտասարդներ կգտնվեն», — հավելել է լուսանկարիչը:

 

«Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև 2015 թվականի հունվարի վերջ:

Ծանոթ դեմքերի, նրանց ու մեր քաղաքի, Վազգեն Սարգսյանին ու մի շարք  մեծերին  լուսանկարելու  և այլ հարցերի շուրջ asekose.am-ը զրուցել է լուսանկարչի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

Ո՞վ է այն ծանոթ դեմքը, ում առաջինն եք նկարել:

-Առաջին նկարն արվել է 1987 թվականին, իսկ ծանոթ դեմքը Միքայել Պողոսյանն է: Նկարը թանկ է ոչ միայն նրանով, որ Միքայելն է, այլև նրանով, որ նա հենված է մի բանի, որը ներկայացնում է այդ օրվա, ամսվա քաղաքի կյանքը՝ մշակութային լանդշաֆտը: Տեսնում եք՝ գրված է, թե ինչ է սպասվելու  հայաստանցիներին. Գոհար Գասպարյան, Սվետլանա Նավասարդյան….Հետաքրքիրն այն է, որ երբ նկարը գտա՝ չէի հիշում, թե երբ էի նկարել: Տեսնեմ՝ պաստառին գրված է 1987 թվականի հոկտեմբերի 27…

Ինչպիսի՞ն էր ծանոթ դեմքերի քաղաքն առաջ ու ինչպիսի՞ն է հիմա:

-Ես էլ եմ ուզում հասկանալ: Առաջ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի տեղում սրճարան կար, այնտեղ էին լինում Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը և այլ մեծեր: Այն «հանճարի դարբնոց» էր…

Ի՞նչ կուզեիք, որ այն ժամանակվա քաղաքից հիմա լիներ:

-Մարդիկ, ովքեր հիմա չկան…

Իսկ նրանց փոխարինողների չե՞ք տեսնում:

Չէ, նրանց փոխարինել հնարավոր չէ:

Բազում ծանոթ դեմքերի մեջ նկատեցի նաև սպարապետին: Նրան  հե՞շտ էր լուսանկարել:

-Վազգեն Սարգսյանի հետ «Գարուն» ամսագրում և նույն սենյակում ենք աշխատել, իհարկե, հեշտ էր:

Մարդուն լուսանկարի միջոցով  ճիշտ  ներկայացնելու համար արդյո՞ք կարևոր է նրան ճանաչելը, ծանոթ լինելը

-1999 թվականին մրցույթ կար՝  «Արտ միլլենլիում», որին մասնակցելու համար որոշեցի մարդկանց նկարել: Ես ու ընկերս ցուցակ կազմեցինք, որտեղ հայտնվեցին մարդիկ, որոնց ծանոթ չէինք:  Նրանցից էր, օրինակ դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, որի մասին շատ քիչ բան  գիտեինք: Հարց ու փորձ արեցինք և պարզվեց, որ իմ ծանոթներից մեկը նրա մենեջերն է: Զանգեցի, տեղեկացրեցի, որ ցանկանում եմ նկարել նրան: Արամից շատ հետաքրքիր պատասխան ստացա: Ասաց՝ ուզում եմ իմանալ, թե դու ով ես, նկարներդ տուր՝ նայեմ: Ալբոմ ուղարկեցի, մեկ էլ կանչեց, շատ լավ դիմավորեց և զրույցի ժամանակ ասաց, որ իր պապն էլ է լուսանկարիչ եղել ու թույլ տվեց, որ իրեն նկարեմ: Ասել է, թե ես իրեն չգիտեի, բայց ստացվեց նկարել:

Տեսնում եմ, որ շատ լավ լուսանկարչական ապարատ ունեք հիմա, իսկ այն տարիներին, խոսքը 80-ական թվականների մասին է, շատ բարդ է եղել: Ինչպե՞ս եք ձեռք բերել Ձեր առաջին լուսանկարչական ապարատը և ո՞րն է եղել առաջին լուսանկարը:

-Այն ժամանակ լուսանկարչական ապարատը շատ թանկ էր, երբեք չէի կարող ինձ նման ճոխություն թույլ տալ ու գնել: Սովետական «զիբիլ» լուսանկարչական ապարատ ունեի: Հիշում եմ՝ պարտքով գումար վերցեցի ու գնեցի: Երազում էլ չէի կարող տեսնել, որ հետագայում ճապոնական լուսանկարչական ապարատ եմ ունենալու: Ամեն առավոտ արթնանում եմ, նայում դրան ու ասում եմ՝ ո՞ւր էիր այդքան ժամանակ:

Իսկ ամենաառաջին լուսանկարը 1975 թվականին է եղել: Նկարել եմ հարզատներիս երեխաներին, իսկ հետո՝ 1987, 1988 թթ., բնություն եմ նկարել:

Ի դեպ, ավելի հեշտ է բնություն նկարե՞լ, թե՝ մարդկանց:

-Բնություն շատ դժվար է նկարել, դրա համար լուսանկարիչը պետք է գնա, վրան խփի ու ժամերով, օրերով սպասի: Հայաստանն այսօր լավ չի նկարվել: Գրքերում սիրողական մակարդակի նկարներ են: Վերջին 4-5 տարվա մեջ «Նորավանք»-ի բախտը բերել է, որովհետև տեր Սահակը սիրում է լուսանկարել  ու օրը 24 ժամ այնտեղ է և կարողանում է հարմար պահը «բռնել»:

Նախորդ հոդվածը‘ALDE-ն խորապես մտահոգված է Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակման լուրով ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարկային ասպատակություններ»՝ «Անտարես» հրատարակչության դեմ’