‘Գերության մեջ հայտնված զինվորի հարազատները հավաքվել են Կարմիր խաչի մոտ’

1340

Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ ` զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է զինծառայողի ազգական Արման Ինջիղուլյանը:

Նրա խոսքով, Հակոբի բոլոր հարազատները համոզված են, որ Հակոբին պարտադրել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հարցազրույց տալ եւ հայտարարել, թե նա սահմանը հատել է իբր այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը` ջուր բերել»: «Հակոբը հաստատ ուրիշ երեխա յա, ուրիշ ձև ա մտածում ու մենք բոլորս էլ համոզված ենք` ստիպել են այդպես խոսել», -ասաց Հակոբի հորեղբոր տղան:

Հարազատները նաև զարմանք են հայտնել, որ Հակոբի աչքերին հարցազրույցի ժամանակ ակնոց չի եղել: «Ակնոցը Հակոբը երբեք աչքերից չի հանել, ու դա շատ մտահոգիչ է, պետք է աչքերին ակնոցը լիներ»,- փոխանցեց Արմանը:

Ըստ նույն աղբյուրի, ակցիային մասնակցում է նաև Հակոբի մայրը, ով պարբերաբար ուշաթափվում է: Նա հաճախ կրկնում է. «Պահանջում եմ իմ Հակոբին…»: Ակցիայի մասնակիցներին առայժմ ոչ ոք չի հանդիպել, քանի որ այս պահին Կարմիր Խաչի գրասենյակում ընդմիջման ժամ է:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հարցազրույցի բովանդակությունը Հակոբ Ինջիղուլյանի համար իրավական հետեւանքների չի հանգեցնի, եւ հայկական կողմը պատրաստ է ընդունել ռազմագերուն:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Նախորդ հոդվածը‘Պոդոլսկի ավտովթարից տուժածներից 9-ը դեռեւս հիվանդանոցային բուժում են ստանում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Միֆական սցենար. Ղեկավարը անհայտանում է, հետո վերադառնում է ու…’