‘Գերտերությունները շրջանակային համաձայնություն են ձեռք բերել Իրանի հետ’

1318

Լոզանում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնություն ձեռք բերելու բանակցությունները ավարտվել են հաջողությամբ: Համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի մասշտաբների կրճատում՝ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար հանելու դիմաց:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները այնպիսի որոշումներ են մշակել, որոնք հիմք են ստեղծում Իրանի հետ վերջնական պայմանավորավածություններ ձեռք բերելու համար: Ելույթ ունենալով մամլո ասուլիսում՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Մենք քանդեցինք այն շղթան, որը ոչ մեկի շահերից չէր բխում, չէր համապատասխանում չտարածման շահերին: Եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացի ավարտին մենք բոլորս ցույց կտանք, որ իրական երկխոսությունը և համագործակցությունը թույլ են տալիս լուծել խնդիրները, նոր հորիզոններ բացել և առաջ ընթանալ»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ կայացված փոխըմբռնումն անվանել է պատմական, միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանի ստանձնած պարտավորությունների կատարումը մանրակրկիտ կերպով կստուգվի: «Եթե Իրանը սկսի գլուխ պահել, աշխարհն այդ մասին կիմանա»,- ասել է Օբաման:

Վեց երկրները, որոնք Իրանի հետ բանակցություններ էին վարում միջազգային հանրության անունից՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը, հուսով են, որ այդ վերջնական համաձայնագիրը անհնար կդարձնի իրանական ատոմային ռումբի ստեղծումը՝ քաղաքացիական միջուկային ծրագրի քողածածկույթի տակ, և վերջ կդնի այն ճգնաժամին, որը շարունակվում էր արդեն 12 տարի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի. Արցախպրես’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ողջունում է «միջուկային համաձայնությունը»’