‘Գեւորգ Ալթունյան. «Ես կողմնակալ չեմ» ‘

1786

Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գեւորգ Ալթունյանը «Ֆեյսբուքում» մեկնաբանել է iLur.am-ի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցում նշված է, որ նրա վարած «Տեսանկյուն»  վերլուծական հաղորդումներում «կողմնակալություն է ցուցաբերվել ընդդիմադիր կուսակցությունների և որոշ թեկնածուների նկատմամբ»: 

«Լրատվամիջոցներից մեկն այսօր մեջբերել էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցից մի հատված, ըստ որի` ես, իմ հեղինակային «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում «կողմնակալություն» եմ դրսևորել ընդդիմադիր ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ կուսակցոթյունների և որոշ թեկնածուների հանդեպ, — գրում է Ալթունյանը: — Տեղեկատվությունն այս, օրվա ընթացքում մի շարք շահարկումների և թյուրըմբռնումների տեղիք տվեց, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ

1. «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում, խոսելով նախագահական ընտրությունների մասին, նշել եմ, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին, ինչը փոքր-ինչ անհասկանալի է` նկատի առնելով քաղաքական ուժի գործունեության իմաստն ընդհանրապես: Նույն բաների մասին խոսում էր հանրության մի պատկառելի հատվածը: Անկեղծորեն` զարմացած եմ, թե ինչպես են դիտորդներն այս ձևակերպման մեջ «կողմնակալություն» գտնել ու սև PR-ի տարրեր: 
2. Խոսելով թեկնածուների մասին, նրանց բաժանել եմ երկու մասի. հիմնական թեկնածուների` Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան ու Պարույր Հայրիկյան և երկրորդ խումբ, որտեղ կան որոշ թեկնածուներ, որոնք որևէ գաղափար չեն ներկայացնում, որևէ ասելիք չունեն և անլրջացնում են ամբողջ ընտրապայքարը: Ընդ որում, չեմ նշել կոնկրետ անուն, բայց հիմա պարզ ասում եմ, որ ի նկատի եմ ունեցել, մասնավորապես, Արամ Հարությունյանին և Վարդան Սեդրակյանին: Եթե սրանում նույնպես հնարավոր է «կողմնակալություն» գտնել, ուրեմն եվրոպացի դիտորդները բացարձակ տեղյակ չեն հանրային տրամարդություններից և որ նույն բաները, անհամեմատ կոշտ ձևակերպումներով, հնչում էին հազարավոր մարդկանց շուրթերից: Կրկնեմ` նույնիսկ այդ պարագայում էլ կոնկրետ թեկնածուի անուն չեմ նշել: Դրա փոխարեն, մի քանի անգամ նշել եմ, որ որոշ թեկնածուներ, մասնավորապես` Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը բացառապես հարգանքի են արժանի` իրենց ընտրարշավի, մարդկային ու մասնագիտական որակների համար: Սակայն այս դրվագները դիտորդները չեն նկատել: 
3. Նշվածի վերաբերյալ նամակով դիմել եմ առաքելությանը, բայց պաշտոնական պատասխան այդպես էլ չեմ ստացել: Փոխարենը` առաքելության անդամներից մեկը «խորը ափսոսանք» էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: 
Եզրափակելով. Առաջին լրատվականը, իր բոլոր լրատվական և վերլուծական հաղորդումներում, ամբողջ քարոզարշավի ընթացքում դրսևորել է ծայրահեղ անաչառություն և ծայրահեղ անկողմնակալություն թեկնածուների ընտրարշավի լուսաբանման հարցում և առնվազն անհասկանալի է, երբ փորձ է արվում ոչ հիմնավոր դիտարկումների հաշվին ստվերել կատարված աշխատանքը»:

Նշենք, որ, Ալթունյանի ձեւակերպմամբ, «հանրության մի պատկառելի հատվածի» մոտ քաղաքական իրադարձությունների մասին կարծիք է ձեւավորվում հենց լրատվամիջոցների (այդ թվում՝ Հ1-ի) մատուցած լրատվության արդյունքում: Եվ կախված այն բանից թե ինչպես, ինչ երանգներով է այս կամ այն լրատվամիջոցը մեկնաբանում այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի գործողությունները, հանրությունը նույն կերպ էլ ընկալում է քաղաքական գործընթացները: Իսկ Հանրային հեռուստատեսությունը, ի տարբերություն մասնավոր լրատվամիջոցների (այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդների նշած «Արմնյուզի»), գործում է հարկատուների հաշվին, եւ այն, ինչ կարող է իրեն թույլ տալ մասնավոր լրատվամիջոցի մեկնաբանը, չի կարող հանրային հեռուստատեսության մեկնաբանը:    

 

 

Նախորդ հոդվածը‘Օլիմպիական չեմպիոնը որպես բողոքի նշան ետ է վերադարձնում իր ոսկե մեդալը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ում քննարկում են՝ գնա՞լ, թե չգնալ Ազատության հրապարակ’