‘Գեւորգ Կոստանյան. Ոստիկանը ուժ կիրառելու մանդատ ունի’

1266

Այսօր Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարծում բանակում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջերս կիրառված բռնության մասին: «Մենք այսօր մասնակցել ենք բանակում զոհված զինվորների ծնողների աջակցման ակցիային՝ նախագահական նստավայրի դիմաց: Բոլոր հասարակական կազմակերպությունները իրենց մտահոգությունն են հայտնում շարունակաբար բանակում կատարվող սպանությունների եւ նրանց ծնողների նկատմամբ վայրագ դրսեւորումների վերաբերյալ, ինչի վկան ես եղել եմ երկու անգամ: Ի՞նչ եք կարծում այս վայրագությունների մասին»,- նշեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ Գեւորգ Կոստանյանը հայտնեց, որ  շփման գծում լարվածության արդյունքում սպանությունների թիվն աճել է, սակայն կանոնադրային հարաբերությունների խախտմամբ գրանցված մահվան դեպքերի թիվը՝ սպանություններ, ինքնասպանություններ, որոնք կապված չեն հակառակորդի կողմից ներգործության հետ,  նվազել է նախորդ տարիների նկատմամբ: Անդրադառնալով զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ գլխավոր դատախազը նշեց. «Իրականում մեր հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե ոստիկանը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է: Այդպես չէ. ոստիկանությունը, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում, այն եզակի մարմիններից մեկն է, որ օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու: Այլ հարց է, թե արդյո՞ք  այդ ուժը կիրառվել է համաչափ եւ անհրաժեշտ: Ոստիկանության մասին օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանը իրավունք ունի ֆիզիակական ուժ կիրառելու: Ոստիկանության վրա դրված են համապատասխան պարտականություններ, եւ օրենքը սահմանում է. «Եթե ոստիկանը հնարավորություն չունի այլ եղանակներով ապահովել իր պարտականությունների կատարումը, ապա իրավունք ունի ուժ կիրառել»: Ես բազմիցս ասել եմ, որ կան իրավիճակներ, երբ ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի չկիրառումը կարող է հանգեցնել հենց ոստիկանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, որովհետեւ ոստիկանին վերապահված են իրավունքներ եւ տրված են բոլոր հնարավորությունները՝ իր առջեւ դրված բոլոր պարտականություները կատարելու համար: Այս դեպքում եւ ցանկացած այլ դեպքերում, երբ ոստիկանական ուժ կկիրառվի, մենք պետք է քննարկենք, թե արդյո՞ք ոստիկանը ճիշտ է կիրառել, անհրաժե՞շտ էր, թե՞ ոչ: Երեկ դուք մեջբերեցիք հանրահավաքների իրականացման մասին օրենքը, բայց, օրինակ, հանրահավաքները արգելելու մասին դրույթը հստակ սահմանում է, որ նախագահականի, Ազգային ժողովի, կառավարության, դատարանների եւ քրեակատարողական հիմնարկների մոտ արգելվում է հավաք անցկացնել այն տարածության վրա, որի արդյունքում կխոչընդոտվի այդ մարմինների բնականոն աշխատանքը: Շատ երկրներում անգամ կոնկրետ սահմաններ են դրված, իսկ մենք հստակ սահմանափակում չենք դրել: Մենք պետք է քննարկենք, թե արդյո՞ք այդ մայթի այդ հատվածում հանրահավաքի անցկացումը անհրաժեշտ էր, եւ արդյո՞ք այդ վայրում հանրահավաքի իրականացումը չէր կարող խոչընդոտել բնականոն գործունեությունը տվյալ պետական մարմնի: Մենք չենք խոսում այն մասին, որ ոստիկանը հենց ուժ կիրառեց, դրա անունը պետք է վայրագություն դնել. իրավունքի տեսանկյունից դա ֆիզիկական ուժի կիրառում է, որը ունի անհրաժեշտության, իրավաչափության հիմնավորումներ եւ չափեր: Եթե դուք գտնում եք, որ այդ չափերը անցել են, ես խնդիր չունեմ, ներկայացրեք ձեր հիմքերը»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ Կոստանյանին. Դուք խոստացել էիք, որ մարտի 1-ի գործով սայլը տեղից կշարժվի’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյանը մարտի 1-ի սպանդի մասին էլ ոչինչ չասաց’