‘
1998 թվականին «պատերազմի կուսակցությունն» ասում էր, որ Ղարաբաղին հարակից տարածքները վերադարձնելու միջազգային պահանջ չկա, կհանձնեն այն ժամանակ, երբ կպահանջեն: Դա ոչ միայն անգրագետ, այլեւ վտանգավոր մտայնություն էր, որի դառը պտուղները քաղում ենք այսօր, երբ Ադրբեջանում է տեսակետ իշխում, որ խաղաղ կարգավորման գնալու անհրաժեշտություն եւ միջազգային պահանջվածություն չկա: Հայկական պատերազմի կուսակցությունը տապալեց կարգավորման փուլային ծրագիրը: Ադրբեջանի ներկայիս իշխանությունը վտանգում է խաղաղ կարգավորման ներկան եւ ապագան: Բայց, ի տարբերություն հայկական պատերազմի կուսակցության, որ հույսը դրել էր պատահականության կամ նպաստավոր կոնյունկտուրայի հեռանկարի վրա, Ադրբեջանը գործում է խիստ ծրագրված: Դրան մեծապես նպաստում է հայկական կողմի քաղաքական անմեղսունակությունը, երբ նա երևակայում է, թե Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաջարկությունները կան եւ միշտ կլինեն: Ասել է թե՝ ծայրահեղ դեպքում կարելի է այդ հիմքով գնալ կարգավորման եւ դարձյալ շահել:
Խոսք չկա, եթե առաջարկվող տարբերակով կարգավորումը տեղի ունենա, Ղարաբաղի համար կլինի շահեկան: Խնդիրն այն է, սակայն, որ դա հասկանում է նաեւ Ադրբեջանը, եւ ոչ մի կերպ չի գնում առաջարկվող տարբերակին պաշտոնական հավանություն տալու քայլին: Իսկ դա նշանակում է, որ միջնորդների առաջարկները մի օր կարող են կորցնել նշանակությունը: Ինչպես որ շրջանառությունից դուրս են եկել եւ մոռացվել այլ տարբերակներ:
Այսպիսով, կարգավորման համար պատասխանատվությունը հիմնական մասով ընկնում է հայկական կողմի վրա: Բանակցությունների ձախողումից Ադրբեջանը ոչինչ չի կորցնի: Ընդհակառակը, նրա համար կբացվի հարցի ռազմական լուծման հնարավորություն: Իսկ հայկական կողմի պատասխանատվությունը մի քանի անգամ ավելանում է, եթե նկատի ենք ունենում, որ ոչ ոք իրավիճակային փոփոխությունը բացառել չի կարող: Պարզ ասած, եթե կարգավորման այս փուլն էլ անպտուղ ավարտվի, ապա հայտնի չէ, թե ինչ կարող են առաջարկել միջնորդները: Այն, ինչի շուրջ այսօր վիճում է հայ հանրությունը, վաղը կարող է դուրս մնալ քննարկումներից: Ադրբեջանը համառ համբերությամբ, կարծես, սպասում է այդ ժամին: Անհասկանալի է, թե ինչի՞ եւ ինչու՞ է սպասում Հայաստանը: Միջնորդները, միջազգային հանրությունը երբեք կտրուկ եւ միանշանակ պահանջ չեն դնելու, գորդյան հանգույցը կտրող լուծում չեն պարտադրելու: Խնդիրը հայ-ադրբեջանական մրցակցության դաշտում է, այնտեղ էլ կարգավորվելու է: Եւ որովհետեւ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, հարկ է նրան զրկել այդ հնարավորությունից եւ դիվանագիտական ճեղքման միջոցով նրան պարտադրել քաղաքական կամք: Հապաղումը հղի է անկանխատեսելի վտանգներով:
‘