‘Գեւորգ Նալբանդյան. Աստված մեծ է’

12701

Ռուսական մեդիան պաթոսով տեղեկացնում է, որ այս օրերին Ղարաբաղ է այցելել «հայտնի գրող, հասարակական գործիչ» Էդուարդ Լիմոնովը: Երբ նրան հարցրել են շրջայցի շարժառիթների մասին, Լիմոնովը շիփ-շիտակ պատասխանել է. «Պատմությունը շատ պարզ է` իմ հակաթուրքական տրամադրվածությունը: Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը ես սխալ եմ համարում: Ես բավական շատ հոդվածներ եմ գրել այդ մասին՝ առանց ինչ-որ մեկի խնդրանքի: Դրանց ուշադրություն են դարձրել տարբեր մարդիկ: Ինձ հետ կապվել են եւ հրավիրել Հայաստան: Ես երբեք թուրքերին չեմ վստահել: Ռուսաստանի ամբողջ պատմությունը մեզ ստիպում է կասկածել նրանց, եւ ես այլ կարծիք չունեմ»:

Ռուսաստանի նեոբոլշեւիզմի եւ արմատական պատրիոտիզմի ջատագով Լիմոնովը հակաթուրքական իր տրամադրվածությունը չէր կարող դրսեւորել Մոսկվայի Կարմիր հրապարակում, եւ Հայաստանում մարդիկ են գտնվել, որոնք հնարավորություն են ստեղծել, որպեսզի նա հասնի Ղարաբաղ եւ այդքանը հայտարարի այնտեղից: Ասել է թե` Ղարաբաղը դարձրել են Լիմոնովի հակաթուրքական տրամադրվածությունը դրսեւորելու հարթակ: Ոչ մեկին չի հուզել, որ Լիմոնովը մեկ -երկու օրով է Ղարաբաղ գնացել, իսկ ութսուն միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան ոչ մի տեղ դրանից չի փախչելու:

Խոսք չկա, նժդեհա-փանջունիական կոալիցիան մի բան կարողանում է` առավելագույնս մարգինալացնել- դեգրադացնել Ղարաբաղը: 1988-93թվականներին Ղարաբաղ էին այցելում ռուսական դեմոկրատիայի ռահվիրաները` Անդրեյ Սախարովը, Ելենա Բոները, Գալինա Ստարովոյտովան, Միխայիլ Դուդինը: Այսօր ինչ-որ մարդիկ կապվում են Էդուարդ Լիմոնովի հետ, նրան Հայաստան հրավիրում, այստեղից տանում Ղարաբաղ, որ ասի, թե ինքը թուրքերին չի հավատում:

Իսկ եթե Լիմոնովի ղարաբաղյան շրջայցը կազմակերպել են Հայաստանի պարտոկրատիայի հետ կապ չունեցող մարդիկ՝ ավելի վատ: Նշանակում է՝ իշխանությունը Ղարաբաղի հարցում կորցրել է մոնոպոլիան, եւ խմբեր կան, որ փորձում են խնդիրը վերադարձնել Եսայի Հասան-Ջալալյանի ժամանակները: Երեւի պատահական չէ, որ Լիմոնովը սելֆի է արել Գանձասարի ֆոնին: Այ քեզ «մակարդա՜կ». ռուսական մեդիա-ռեսուրսը տեղեկացնում է, որ Լիմոնովին հարցրել են, թե պատրա՞ստ է կռվել նաեւ Ղարաբաղում, ինչպես որ ժամանակին կռվել է Սերբական Կրաինայում, Աբխազիայում, նա էլ ասել է, թե հիմա քիչ է համապատասխանում այդ դերին: Այսինքն՝ «ես միայն հակաթուրքական եմ, մնացած մասով՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք»: Իսկը` ինչպես Պետրոս Մեծն էր Ղարաբաղի մելիքներին պատասխանել. «Կռվեք եւ համբերեք, Աստված ձեզ օգնական»…

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գյումրիում և Հրազդանում ‘
Հաջորդ հոդվածը‘Խոսքակռիվ Դոնալդ Թրամփի և Լոնդոնի քաղաքապետի միջև’