‘Գեւորգ Նալբանդյան. Դաշնակցության Իլյիչը’

7762

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորօծյալ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը կարծում է, որ իշխանությունը հարյուր տարի առաջ էր փողոցում ընկած, եւ Լենինը կարողացավ այն վերցնել, քանի որ օտարեկրյա գործակալ էր:

Հայաստանում վարչապետի թեկնածության շուրջ քննարկումները նա համարում է կեղծ օրակարգ: Դաշնակցության բարձրաստիճան ֆունկցիոները երեւի չի նկատել, որ խանդի տեսարան է ցուցադրում, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարը կեղծ է, ուրեմն նա կատարում է իշխանության պատվերը, իսկ այդ առաքելությունը կոալիցիոն «պսակադրությամբ» վերապահված է դաշնակցությանը: Հետեւաբար, Փաշինյանը մտնում է մի տիրույթ, որը նրան խոստանում է իրական իշխանությունից մաս: ՀՀԿ-ն հազիվ թե իր մասից Նիկոլին բաժին հանի, մնում է, որ դաշնակցությունը մի քիչ նեղվի: Ըստ երեւույթին՝ Արսեն Համբարձումյանի ջղաձգվածությունը պիտի այսպես հասկանալ, մանավանդ որ նա հիշեցնում է սահմանադրության փոփոխություններին ՀՅԴ նվիրվածությունը: Ուզում է ասել, որ ապագա իշխանության մեջ ուրիշ ուժ տեղ չպետք է ունենա, քանի որ սահմանադրական փոփոխությունների փուլում միայն դաշնակցությունն էր հանրապետականի թիկունքը պահում:

 Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական ինտրիգը, թերեւս, դաշնակցության Իլյիչի ինքնության բացահայտումն է: Այդ խնդրին, ցավոք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Մինչդեռ իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Այն իմաստով, որ հանրային նվազագույն, գրեթե զրոյական աջակցություն ունեցող դաշնակցությունը դարձել է պետական կյանքում որոշումներին ազդող ուժ: Քաղաքական նոնսենս է, երբ կա բացարձակ մեծամասնություն, բայց կառավարությունը կոալիցիոն է: Եւ տպավորություն է, որ դա ոչ թե ներքին, այլ արտաքին պայմանավորվածությունների արդյունք է: Մնում է պարզել, թե ո՞վ է դաշնակցության Իլյիչը, որ առայժմ հարցերը կարգավորում է արտերկրից: Եւ ե՞րբ, ի՞նչ բախտորոշ ժամի է նա հայտնվելու Հայաստանում, որպեսզի ավարտին հասցնի հեղափոխականի իր գործը: Իշխանության եկած Լենինը սեպարատ հաշտություն կնքեց Գերմանիայի հետ՝ տարածքային մեծ զիջումներով: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ի՞նչ հաշտություն է կնքելու դաշնակցության Իլյիչը, եթե, Աստված չանի՝ Հայաստանում իշխանությունը մի օր ամբողջությամբ անցնի Հանրապետության փողոցով:

Նախորդ հոդվածը‘Անխորտակելի Տուլեևը. ինչ է սպասվում նահանգապետին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում սպասում են ընտրությունների նախնական արդյունքներին’