‘
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պարզվում է, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրվանից էր սպասում դրանց չեղարկմանը, եւ շատ ուրախ է, որ դա վերջապես տեղի է ունեցել: Նրա համար չկա հայ-թուրքական սահման, կա փշալար, որ Արեւմտյան Հայաստանը բաժանում է Հայաստանի Հանրապետությունից, իսկ Թուրքիան չի կարողանալու ազատվել քրդական հարցից, եւ մի օր տեղի է ունենալու նրա տրոհումը:
Այդ մասին պատմաբան-պրոֆեսորը մեծ ոգեւորությամբ ասել է լրատվամիջոցներից մեկին: Կարդում ես եւ ապշում՝ եթե սա է պրոֆեսորի, գիտական հաստատության տնօրենի մակարդակը, ապա ի՞նչ սպասես միջին վիճակագրական հայ մարդուց: Ակադեմիական գիտնականի համար, ուրեմն, իր երկրի արտաքին քաղաքական ձախողումը հրճվելու առիթ է: Նա, երեւի, մոռացել է, որ հայ-թուրքական արձանագրությունները բանակցվել են Հայաստանի նախաձեռնությամբ: Եւ եթե դրանք այսօր առ ոչինչ են ճանաչվում, ուրեմն Հայաստանը չի կարողացել հասնել արտաքին քաղաքական կարեւորագույն խնդրի կարգավորմանը: Ասել է թե՝ դիվանագիտական անհաջողություն է ունեցել: Իրավիճակից պատվով կամ հաղթած դուրս գալու մասին խոսակցությունները սին են: Արդեն երրորդ օրն է՝ Սերժ Սարգսյանի որոշմանը միջազգային ոչ մի արձագանք չկա, լռում են նույնիսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի միջնորդ-երաշխավոր կողմերը՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրամիությունը: Դա նշանակում է, որ «խորտակվողների փրկությունը նրանց իսկ գործն է»:
Ոչ ոք մտահոգված չէ, որ հայ-թուրքական հաշտեցումը տեղի չի ունեցել: Դրանից նրանք, պատկերավոր ասած, ոչ մրսում են, ոչ շոգում: Բարդ կացության մեջ Հայաստանն է հայտնվել: Եւ պատմաբան-պրոֆեսորի, առհասարակ՝ մտավորականության, հասարակության առավել քաղաքակրթված հատվածի խնդիրն է ոչ թե հրճվել, որ Թուրքիային «գրողի ծոցն ուղարկեցինք», այլ փորձել հասկանալ խնդիրը եւ տրամաբանված ելք առաջարկել:
Ուզենք մենք, թե ոչ՝ Թուրքիան Հայաստանին սահմանակից երկիր է, եւ հարաբերությունների կարգավորումը որքան թուրքերին, կրկնակի մեզ է ձեռնտու: Չկարգավորվածությունն, անշուշտ, խնդիրներ է հարուցելու նաեւ Թուրքիայի, բայց ավելի շատ՝ Հայաստանի համար: Այստեղ բառախաղը, որ չկա հայ-թուրքական սահման, կա Հայաստանը երկու մասի բաժանող փշալար, ինչ-որ մի լսարանում կարող է խանդավառություն հարուցել, բայց մեծ հաշվով՝ դատարկախոսություն է:
Դրա համար հարկ է ոչ միայն խորապես ափսոսալ, թե մինչեւ ուր է Հայաստանում իջել պատմա-հասարակագիտական միտքը, այլեւ ահազանգ հնչեցնել, քանի որ մենք այլեւս Խորհրդային Միության մաս չենք, կայսերական ապահովության թիկունքից Թուրքիայի դեմ հոխորտանքը հիմա չպետք է գերիշխող լինի: Հայաստանը պետություն է, որի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է, մարտահրավերները՝ խիստ առարկայական, իսկ Թուրքիայի հետ համեմատած՝ նրա ռեսուրսներն ակնհայտորեն անբավարար են: Պատմաբան-պրոֆեսորը կարող էր գոնե ուշադրություն դարձնել, թե խնդրի վերաբերյալ ինչ զգուշավորությամբ է արտահայտվել Սերժ Սարգսյանը, եւ օրինակ վերցներ: Բայց դրա համար, երեւի, չպետք է լինել ազգայնական դպրոցի պատմաբան: Ավելի ճիշտ՝ պատմության կեղծարար:
‘