‘
Կարելի է վստահաբար ասել՝ Ղարաբաղի խնդիրը չլուծված է մնալու այնքան ժամանակ, որքան Շավարշ Քոչարյանը կպաշտոնավարի որպես ԱԳ փոխնախարար: Այն պահին, երբ նրան կփոխարինի լուրջ դիվանագետ, կամ հատուկ Քոչարյանի համար ստեղծված պաշտոնը կլուծարվի, կնշանակի, որ տեղի է ունեցել ամենակարեւորը՝ Հայաստանում սկսել են Ղարաբաղի հարցին վերաբերվել լրջորեն: Առայժմ այդպես չէ, եւ Շավարշ Քոչարյանը շարունակում է խաղալ իր դերը, հանդես է գալիս պոպուլիստական հայտարարություններով, որոնց նպատակն է հասարակության աչքին ներկայանալ որպես «հաղթողական դիվանագիտություն» իրականացնող:
Խաղը կառուցված է այնպես, որ Քոչարյանի յուրաքանչյուր հայտարարության հաջորդում են տարատեսակ մեկնաբանություններ, որոնք ներշնչում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բուն Ղարաբաղի հարցով բանակցություններ չկան եւ չեն կարող լինել, քանի դեռ Բաքուն չի կատարում Վիեննայի պայմանավորվածությունները: Կառավարության նիստի ելույթում Ալիեւը հայտարարել է, որ ոչ մի նախապայման չի ընդունում: Սերժ Սարգսյանը նրան պատասխանել է խոսնակի մակարդակով: Շավարշ Քոչարյանի հայտարարությունը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում: Բայց հարց է ծագում՝ Հայաստանը հրաժարվու՞մ է Ալիեւի հետ հանդիպումից: Շավարշ Քոչարյանն ասել է, որ հանդիպման նպատակը վստահության հարցերի քննարկումն է: Բայց այդ դեպքում հանդիպումից պետք է Ալիեւը հրաժարվի:
Միջնորդները ոչինչ չեն ասում, թեեւ Երեւան եւ Բաքու այցելությունից հետո հայտարարել էին, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին պետք է տեղեկացնեն կողմերը: Ասել է թե՝ հանդիպման շուրջ ինտրիգը պահպանվում է, հնարավոր է, որ այն առհասարակ չկայանա: Այդպես է հասկացվում նաեւ Շավարշ Քոչարյանի ասածից: Ադրբեջանը սպառազինությունների ձեռքբերման բանակցություններ է սկսել Բելառուսի հետ: Զուգահեռաբար տեղեկատվություն կա, որ Ռուսաստանը եւս 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրում, որ Հայաստանը սպառազինություններ գնի: Սա նույնպես ազդակ է, որ կողմերը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի են նախապատրաստվում: Մանավանդ որ եկող տարվա բյուջեով Հայաստանը զգալի մեծացնում է ռազմական ծախսերը: Դժբախտաբար, էլիտան մտածում է Շավարշ Քոչարյանի մակարդակով: Բայց ու՞ր է հասցնելու սպառազինությունների մրցավազքը, որքանո՞վ են համարժեք կողմերի հնարավորությունները:
Շավարշ Քոչարյանը խնդիրը կապում է միջնորդ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հեղինակության հետ: Այսինքն, հույսն այն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան թույլ չեն տա պատերազմի վերսկսում: Հնարավոր է, դա արդարացված հույս է, պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ: Բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը խժռում է Հայաստանի եւ Ղարաբաղի ռեսուրսները, հարկ է մտածել իրավիճակ փոխելու, ոչ թե ամեն ինչ ինչպես կա՝ այդպես թողնելու մասին: Դժբախտաբար, այդ ժամանակը տեւականորեն ուշանում է: Եւ երբ խոսում է Շավարշ Քոչարյանը, պետք է հասկանալ, որ Ղարաբաղի խնդիրը մնալու է չլուծված:
‘