‘Գեւորգ Նալբանդյան. Խաբկանքին գերի’

22982

Ինչ-որ մարդիկ ինչ-որ «հռչակագիր» են ստորագրել եւ ինչ-որ «համախմբման» կոչ են անում: Կարդում ես եւ անսահման տրտմության մատնվում: Մի՞թե դեռեւս կան անհատներ եւ խմբեր, որ խաբկանքին գերի են: Եւ նրանց թվում է, թե առանց Ղարաբաղի կարգավորման, Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատման, ասել է թե՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշությունից կայուն եւ երաշխավորված խաղաղության, բարիդրացիության անցման՝ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան փոխել:

Տնտեսություն զարգացնել, սոցիալական բարելավում ապահովել, ազատականացնել քաղաքական դաշտը, վերացնել մենաշնորհները, հասնել դատարանների անկախությանը եւ այլն: Արդեն քսան տարի է, ինչ հնարավոր բոլոր տարբերակները փորձարկվել են, ներառյալ զինված խռովության փորձերը, եւ ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը, վիճակն ավելի է վատթարացել, որովհետեւ ամեն անգամ հետեւել է զանգվածային հուսալքությունը, ապատիան: Մարդիկ Հայաստանից տասնյակ հազարներով հեռանում են, որովհետեւ կորցրել են ապահով եւ արժանապատիվ ապրելու հեռանկարը: Հայաստանն ունի մեկ գերխնդիր՝ թոթափել պատերազմի սպառնալիքը, Ղարաբաղում եւ պետական սահմաններին խաղաղություն հաստատել:

Միայն այդ դեպքում իմաստ կունենա քաղաքական կյանքը: Միայն խաղաղ պայմաններում է հնարավոր ազատ եւ արդար մրցակցությունը թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքականության: Մնացածը խաբկանք է կամ ինքնախաբեություն, կամ աճպարարություն: Որեւէ «հռչակագիր» համախմբման չի բերելու, բացի մեկից՝ հանուն խաղաղության կոչը: Ուստի պարապ ժամավաճառության փոխարեն հասարակությանը պետք է առաջարկվի լուրջ պլատֆորմ՝ թե ինչպես կարելի է հասնել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում արժանապատիվ փոխզիջումների եւ բացել Հայաստանի զարգացման հեռանկարը: Հույս պահել, որ իրավիճակի հետագա սառեցումը Հայաստանի հնարավորությունն է, նշանակում է՝ եւս մեկ անգամ դառնալ խաբկանքին գերի:

Նշանակում է՝ ռեսուրսների մաշում, հուսախաբություն, արտագաղթի ահագնացում, պետության թուլացում այն աստիճան, երբ արդեն լուծումները կամ կպարտադրվեն, կամ կգան ինքնին եւ կդառնան պարտադրանք: Հայաստանը եւս մեկ-երկու տասնամյակ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշության մեջ մնալու ռեսուրս գրեթե չունի: Իրավիճակ փոխելու հնարավորություն նույնպես չկա: Միակ ելքը հանուն խաղաղության համազգային կոնսենսուսն է: Բոլոր ուժերը պետք է ներդնել, որպեսզի իշխանությունները գնան Ղարաբաղի հարցում իրական ճեղքման: Խաբկանքի տրվելու եւ վերստին հուսախաբվելու եւս մի փորձություն անցնելու հարկ չկա: Միեւնույն է, եթե թունելի վերջում լույս կա, ապա դա խաղաղության եւ բարիդրացիության լույսն է:

Նախորդ հոդվածը‘Ռադայի մոտ մեկնարկել է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ՆԳ նախարար. Մոսկվայում կանխել են ահաբեկչական գործողությունը’