‘
Ճապոնացի լրագրողը Ռուսաստանի նախագահից հետաքրքրվել է Կուրիլների հարցով: Պուտինը պատասխանել է, որ կղզիները Ճապոնիային վերադարձնելու դեպքում այնտեղ կարող է ամերիկյան ռազմաբազա տեղակայվել: Պուտինի պատասխանից հայ մեկնաբանը մի տեսություն է կառուցել, թե ինչու Ղարաբաղի շուրջ տարածքը չի կարելի վերադարձնել: «Չէ՞ որ այնտեղ էլ հայտնվում է Ադրբեջանի զինուժը, չի բացառվում՝ նույնիսկ Թուրքիայի զինուժը: Չէ՞ որ Նախիջեւանում, օրինակ, Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համազորային բանակ, անգամ խոսում են թուրքական ռազմակայանի տեղակայման մասին»,- պաթոսով հարցնում է նա:
Ռուսները «ինչը ինչի հետ համեմատելու» մասին դիպուկ ֆորմուլա ունեն: Կարծես այս դեպքի համար է ասված: Ոչի՛նչ, որ Կուրիլները Սովետմիությանը կցվել են Ճապոնիայի կապիտուլյացիայի արդյունքում: Ոչի՛նչ, որ 1956 թվին Սովետները եւ Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է Կուրիլների վերադարձ: Ոչի՛նչ, որ այսօր Ռուսաստանը եւ Ճապոնիան բանակցում են վերջնական խաղաղության պայմանագրի պարամետրերի շուրջ, որ հարցերի մեծ մասը համաձայնեցված է, Ռուսաստանը պատրաստ է երկու կղզի զիջել Ճապոնիային, մյուս երկուսը դարձնել ապառազմականացված ազատ տնտեսական գոտի եւ այլն, եւ այլն…
Նյութի հեղինակը մեղադրում է Ռուսաստանի նախագահին, որ Կուրիլները չի վերադարձնում, բայց որպես միջնորդ առաջարկում է, որ Ղարաբաղի շուրջ տարածքները հանձնվեն Ադրբեջանին: Ինչպես տեսանք, Կուրիլների վերադաձման համաձայնագիրը կնքվել է 1956թվին, Ռուսաստանը դենոնսացիայի չի ենթարկել դա, հետեւաբար՝ Պուտինը չի ասում, թե չի վերադարձնի Կուրիլները: Նա միայն բանակցում է, որպեսզի Ճապոնիան երաշխիքներ տա, որ կղզիներն ստանալուց հետո դրանք չի տրամադրի ամերիկյան ռազմաբազաներին:
Ղարաբաղի «Կուրիլների» դեպքում ապառազմականացման պահանջը դրվում է ապրիորի` միջնորդական բոլոր առաջարկություններում: Բավակա՛ն է հասարակությանը սարսափ ներշնչել, թե հաջորդ օրը Բաքուն այնտեղ մահաբեր արսենալ է կուտակելու եւ բազմահազարանոց բանակով անցնելու է հարձակման: Մասնագիտական ավելի բարձր որակ ունենալու դեպքում կարելի է բերել տարածք չզիջելու ուրիշ եւ ավելի համոզիչ տարբերակներ, թեւ դրանք քաղաքական նշանակություն չեն ունենա:
Ղարաբաղը տարածքային նվաճումների նպատակ չի ունեցել, այդ շրջանները գրավվել են որպես անվտանգության բուֆերային գոտի: Եւ եթե կա խաղաղության հասնելու, պատերազմի սպառնալիքը վերացնելու շանս, ապա դա պետք է օգտագործվի: Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտին ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերով այլեւս անվտանգության երաշխիք չէ, քանի որ հրադադարի քսաներեք տարիների ընթացքում կոնֆլիկտի կողմերի արսենալը փոխվել է: Ղարաբաղի «Կուրիլները» Կուրիլյան կղզիներ չեն, ինչպես որ Ստեփանակերտը Մոսկվա չէ: «Ինչը ինչի հետ համեմատելու» ռուսական ֆորմուլան` ապացույց…
‘