‘
Հայկական հեքիաթների վերջում երկնքից «երեք խնձոր է ընկնում»։ Ղարաբաղի հարցում Ստեփանակերտի սպասումները չորսն են` «զիջողական հռետորաբանությունից հրաժարվել, նշանակալի ծրագրերի իրականացում, պաշտպանունակության բարձրացում եւ ճանաչման ուղղությամբ իրական աշխատանքի իրականացում»։
Հեքիաթներում մաքսիմալիստ հայ ժողովուրդը պրակտիկ կյանքում խիստ պրագմատիկ է եւ ասում է, որ աստված երկու երանին միաժամանակ չի տալիս: Իսկ Ղարաբաղի պառլամենտի դեպուտատը միանգամից «չորս խնձոր» է ուզում:
Հարց է առաջանում, թե Ղարաբաղում ով պիտի նշանակալի ծրագրեր իրականացնի: Հասկացվում է, որ սպասումը Հայաստանից է, որի արտաքին պարտքը կազմում է 6 միլիարդ դոլար, որտեղ արտաքին ինվեստիցիաներ վաղուց չեն անում, եւ նույնիսկ վարչապետի ռուսաստանաբնակ ընկերները չեն շտապում կատարել խոստումները: Իսկ ինչպես բարձրացնել պաշտպանունակությանը, երբ երկիրը զենք եւ զինամթերք գրեթե չի արտադրում, սպառազինությունները ձեռք է բերում օտարերկրյա վարկերի հաշվին: Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ իրական աշխատանք էլ հնարավոր չէ, որովհետեւ աշխարհի ուժային կենտրոնները` Ռուսաստանը, Ամերիկան եւ Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի, ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միջնորդներն են:
Միջոցներ, ներվեր եւ մի սերնդի կյանք մաշել, որպեսզի ինչ-որ չորրորդական կարգի երկիր ճանաչի Ղարաբաղը, անիմաստ է: Անգամ Ռուսաստանին չի հաջողվում լեգիտիմացնել Աբխազիայի անկախությունը: Չնայած որ Կոսովոն ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ, միեւնույն է, նա չի դարձել ՄԱԿ անդամ: Աշխարհում կան գծված սխեմաներ: Ղարաբաղցի պառլամենտականին արժե հիշեցնել, որ Ադրբեջանից Ղարաբաղի «ապահարզանը» տեղի է ունեցել սովետական իմպերիայի կազմաքանդման լոգիկայով: Դա օրինականացնելու, միջազգայնորեն լեգալացնելու համար հարկ է դեմ չգնալ, այլ հասկանալ պրոցեսը եւ ինտեգրվել նոր զարգացումներում:
Մեզնից շատ ավելի մեծաթիվ, տնտեսապես եւ ռազմական առումով ուժեղ ազգերը չեն կարողանում մատերիալիզացնել իրենց ձգտումները: Աշխարհը կառուցված է շահերի փոխադարձության եւ համակեցության կանոնների վրա: Աշխարհը Ղարաբաղի հարցում ունի կոնկրետ սխեմա, որը հնչեցրել են Ամերիկայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պրեզիդենտները: Այդ մոտեցմանը պրակտիկորեն ինտեգրվելու դեպքում հայ ժողովուրդը վերջնարդյունքում ոչ թե երկնքից, այլ պրակտիկ կյանքում կունենա հայկական Ղարաբաղ:
‘