‘«Գժի թուղթը» պետք չեկավ. Վարդանիկի դեմ քրգործ չի հարուցվել’

883

Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով դատարանում հնչած վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի լրատվության վարչությունը  «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է նախօրեին մամուլում եղած հաղորդագրությունն առ այն, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:  ԶԼՄ-ն՝ հղելով Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանին,   հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ ոստիկանության, «լրագրողները սխալ են հասկացել Կարեն Բաբակեխյանին»: 

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն նախօրեին   արդեն իսկ հանրությանը տեղեկացրել էր, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ,  փաստաբան Լուսինե Սահակյանի պաշտոնական գրությանը Շիրակի  մարզի դատախազությունն   անմիջապես ուղարկել է ոստիկանություն՝ օրենքով սահմանված կարգով  ընթացք տալու համար: Դատախազի ցուցումով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նաև   ամբաստանյալի հոր՝ Սամվել Սարգսյանի կողմից  բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց դիմելու ծանուցման հետ կապված:  Ս.Սարգսյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով,  որ հիվանդանոցից ստացվել է ահազանգ, ինչը պաշտոնապես գրանցվել է ոստիկանությունում։

Հուլիսի 16-ին  Լ.Սահակյանը պաշտոնական գրությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազին՝  հայտնելով, որ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով  նույն օրվա դատական նիստին որպես վկա հրավիրված Վ. Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել, այդ թվում՝   ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանի հասցեին:

Նախորդ հոդվածը‘Վարչապետն ազատամարտիկներին ասել է «փող չկա». Նրանք կրկին հրապարակում են’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները’