‘
«Գիշերային գայլեր» ակումբի բայքերներին, ովքեր Մոսկվա-Բեռլին մոտոարշավ են իրականացնում, լեհ սահմանապահները թույլ չեն տվել անցնել Տերեսպոլի անցակետով: BBC-ի ռուսական ծառայության թղթակցի հաղորդման համաձայն՝ բայքերներն ստիպված են եղել վերադառնալ Բելառուս:
Բայքերների խմբի ղեկավար Անդրեյ Բոբրովսկու խոսքով՝ լեհ սահմանապահները չեղարկել են իր շենգենյան վիզան, իսկ մոտոարշավի մյուս մասնակիցներինը թեև պահպանել են, բայց նրանց նույնպես թույլ չեն տվել մուտք գործել երկիր՝ առանց որևէ պատճառ նշելու:
Ինչպես BBC-ի թղթակցին տեղեկացրել է բելառուսական կողմը, լեհերը պաշտոնապես ծանուցել են Բելառուսի սահմանապահ ծառայությանը, որ ամբողջ խմբին՝ 15 մոտոցիկլ, երկու մարդատար ավտոմեքենա և մեկ միկրոավտոբուս, որն ուղեկցում է մոտոարշավը, մերժվել է մուտքի վիզան:
Լեհաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ ռուսաստանցի բայքերներին թույլ չի տրվի մուտք գործել երկրի տարածք:
‘