‘Գիվի Թարգամաձեն աբսուրդային է համարում ռուսական քննչական մարմինների կողմից իր հասցեին ուղղված մեղադրանքները’

658

Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Թարգամաձեն ժխտում է այն պնդումները, թե ինքը մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպմանը:

«Ռուսական իրավապահ մարմինները սկզբում նպատակադրվել էին ձերբակալել Ուդալցովին, իսկ հետո այդ նպատակի տակ սկսեցին զանազան ցնդաբանություններ հավաքել»,- լրագրողներին հայտարարել է Թարգամաձեն:

Վրաստանի խորհրդարանի անդամը ցնդաբանություն է որակել նաև կալանավորված Լ. Ռազվոզժաևի ցուցմունքները. «Ինչքան գիտեմ, այդ մարդուն ձերբակալել են Կիևում, որտեղ նա փորձել է դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարին: Իսկ հետո նրա նկատմամբ, երևի, որոշակի միջոցներ են կիրառվել, և նա սկսել է ասել այն, ինչ ձեռնտու է ռուսական իշխանություններին»,- ասել է Գիվի Թարգամաձեն:

Հիշեցնենք, որ Մոսկվայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով հարցաքննվելու համար դաշնային հետախուզման մեջ գտնվող Լեոնիդ Ռազվոզժաևն այսօր մեղայականով է հանդես եկել: Իր ներկայացրած ցուցմունքներում Ռազվոզժաևը նշել է, որ անկարգությունների հանգեցրած միջոցառումների համար ինքը և մյուս կազմակերպիչները ֆինանսական միջոցներ են ստացել վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեից:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արտագաղթել է «մի ամբողջ Ղարաբաղ» ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրով.Բաշար ալ Ասադը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխիքն է’