‘
Աղմկալի իրադարձությունների կիզակետում հայտնվող վրաց պատգամավոր Գեորգի (Գիվի) Թարգամաձեն, որին կասկածում էին ռուսաստանյան ընդդիմության հետ ապօրինի համագործակցության մեջ, այսօր «Վրացական երազանքի» կառավարությանը սպառնացել է «զավթել իշխանությունը», եթե երկրի պետականությանը վտանգ սպառնա, հաղորդում է ВЗГЛЯД-ի թբիլիսյան թղթակիցը: «Ես առաջին անգամը չէ, որ ընդդիմություն եմ, ուստի անհարմարություն չեմ զգում: Կա մի սահման, որից հետո մենք կհամարենք, որ երկիրը կործանվում է, ու կհիշենք մեր երիտասարդությունը: Եթե բանը դրան հասնի, ժողովուրդն ինքը իրադրությունը կվերցնի իր ձեռքը, և մենք կօգնենք նրան, այսինքն՝ մենք քաղաքական պատասխանատվություն կստանձնենք,-ասել է Թարգամաձեն և հավելել:- Այս երկիրն ավելի շատ մերն է, քան Իվանիշվիլիինը, որն արնոտ փողեր է կուտակել Ռուսաստանով մեկ շրջելով, իսկ հիմա հայտնվել է թամբի վրա: Բիձինան այնպիսի տեմպերով է ետ գնում, որ մենք պետք է շատ զգայուն ռադարի դեր ստանձնենք, ու հենց որ երկրի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ հայտնվի, անմիջապես կփոխվի մեր օրակարգը: Մենք թույլ չենք տա ռուսաստանամետ ուժերի ռևանշ, թույլ չենք տա, որ Ռուսաստանի դրոշը հայտնվի Ռուսթավելի պողոտայում»:
Գիվի Թարգամաձեի անունը հայտնի դարձավ հատկապես Ռուսաստանում «Բողոքի անատոմիա 2» ֆիլմից հետո, որտեղ ասվում էր, թե ռուսաստանյան ընդդիմությունը նախապատրաստվում էր ուժային մեթոդներով զավթել իշխանությունը՝ արտասահմանից ստացվող ֆինանսավորմամբ: Ֆիլմում ցուցադրվում էր մի դրվագ, որտեղ ռուսաստանցի ընդդիմադիր Ուդալցովը և նրա զինակիցներն իբր զրուցում են այն ժամանակ Վրաստանի պաշտպանության և անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեի հետ: Կինոնկարի հեղինակների խոսքով՝ Թարգամաձեն Վրաստանում, Ուկրաինայում և Բելառուսում զանգավածային անկարգություններ և«գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու մեծ փորձ ունի:
‘