‘Գիտելիքո՞վ են հարստացել Լֆիկ Սամոն ու Սաշիկը, կամ ինչպե՞ս 5 տարում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր ‘

20396

Ինչպես հայտնի է` վարչապետ Տ. Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում, ուր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում սկանդալային հայտարարություններ է անում: Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ասել է, որ Հայաստանի բնակչության մոտ 35 տոկոսն աղքատ է, և թե իբր Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում այդ խնդիրը լուծելու համար: Ապա, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանում այդքան շատ աղքատներ՝ Տիգրան Սարգսյանը ապշեցուցիչ պատասխան է տվել՝ թե մարդիկ  «աղքատ են նաև՝ որովհետև գիտելիքների պակաս կա»: Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանում հարուստ են նրանք, ովքեր գիտելիքներ ունեն: Բայց եթե այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ հարուստների թվում են կասկածելի գիտելիքների տեր այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են՝ Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամո, և այլք:

Ահավասիկ նրանց կենսագրությունները:

Սերժ Սարգսյան՝ 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1980 թվականին՝ Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը՝ Բաքու:

Սաշիկ Սարգսյան՝ 1987թ. ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Գազային տնտեսատեխնիկ: 
Հովիկ Աբրահամյան՝ միայն վերջերս է ավարտել
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 
Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)՝ 2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:
Ռուբեն Հովսեփյան՝  1982թ. ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկէլեկտրիկ: 2005թ. ավարտել է Մոսկվայի ոչ առևտրային ինքնավար կազմակերպության և ձեռներեցության միջազգային ակադեմիայի  (ինստիտուտի)  Երևանի  մասնաճյուղը:
Մհեր Սեդրակյան՝ 1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ: Ֆիզիկական դաստիարակության դասատու: Իրավաբան: ))  
Այս ցանկն, իհարկե, կարելի էր անվերջ թվարկել, սակայն, դրանից հարցի էությունը չի փոխվում: Տիգրան Սարգսյանը ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով, թե իբր մարդիկ աղքատ են գիտելիքի պակասի պատճառով: Մոռանալով, թերևս նշել, որ իրականում մարդիկ աղքատ են, որովհետև գիտելիքներ չունեցող անձինք այնպես են թալանել և թալանում երկիրը, որ ՀՀ մյուս քաղաքացիների զգալի մասը հասել է աղքատության շեմին:

Հ.Գ. Կամ էլ՝ Տիգրան Սարգսյանը ավելի լավ կանի իր հանդիպումներին տանի Սաշիկ Սարգսյանին, և վերջինս թող սեմինարներ կազմակերպի սփյուռքահայերի համար՝ «Ինչպես 5 տարում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր» թեմայով:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել քվեարկությանը’