‘
ՆԱՏՕ-ն հարգում է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, և միայն այդ երկրից է կախված դաշինքին անդամակցելու հարցը, ուրբաթ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հաստատել է, որ ուժի մեջ է մնում 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ընդունած որոշումն այն մասին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցելու դաշինքին: «Այսօրվա հանդիպումից, ինչպես նաև ավելի վաղ Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո ես եզրակացրել եմ, որ Ուկրաինան խիստ շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցության հետագա զարգացմամբ»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստից հետո, որին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ նախարար Պավել Լեբեդևը: Խորհրդակցության շրջանակներում կողմերը նամակներ են փոխանակել, որոնցում հաստատվում է Ուկրաինայի մտադրությունը՝ աջակցելու Սոմալիի ափերում ծովահենության դեմ պայքարի՝ ՆԱՏՕ-ի «Օվկիանոսային վահան» օպերացիային: Ուկրաինան այնտեղ կուղարկի ուղղաթիռ և արագընթաց հածանավ, հաղորդում է РИА Новости-ն:
‘