‘Գյուղնախարարը ավելացնում է տարօրինակ օրենքների ցանկը. Արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը (Տեսանյութ)’

1469

Այսօր ԱԺ արտահերթ նիստում բավականին զավեշտալի միջադեպ արձանագրվեց այն պահին, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացնում էր «Կերի մասին» նոր օրենքը: Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով Կարապետյանին՝ մի քանի մեջբերումներ արեց այդ օրենքից:

«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիներին առանց ցավազրկման ամորձատել, առանց ցավազրկման եղունգները հեռացնել: Գյուղատնտեսական կենդանիներին 8 ժամից ավելի տեղափոխման ժամանակ լիազոր մարմնի գիտությամբ ապահովվում է կենդանիների հանգիստը, արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը, արգելվում է կենդանիների պոչերը ճզմել, ոլորել, կենդանիների գլուխներից, եղջյուրերից, ականջներից, ոտքերից եւ մորթուց բռնած քարշ տալը: Եթե տեղափոխում ես կենդանիներին՝ ուղեկցող մարդիկ հաշվառվում են լիազորված մարմնում: Սա օրենք եմ կարդում, քոմեդիից չի, փոխադրման ժամանակ փոխադրողները պահպանում են կենդանիների պաշտպանության եւ բարորության պահանջները: Պարոն Կարապետյան, եթե սա օրենք է դառնում, ապա օրենքի պարտադիր կետին չհետեւլուն պետք է հետեւի տույժ, տուգանք, հոդված: Դուք քննարկե՞լ եք այս կետերի կատարողականը, պատիժները ո՞նց եք կիրառելու. ասենք՝ 1000 գյուղից կենդանիներին տանում են սպանդանոց, էդ հանսգտավայրերը հատկացրե՞լ եք, որտեղ նրանց հանգիստը պետք է ապահովվի»,- հարցրեց Մանուկյանը:

«Ոչ մի զարմանալու բան չկա: Կենդանիներ են, այո, նրանց նկատմամբ պետք է մարդասիրական վերաբերմունք ցույց տալ, դրանք միջազգային կազմակերպությունների պահանջներ են՝ ԵՄ շուկա դուրս գալու համար, նորմալ պահանջներ են»,- ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց գյուղնախարարը:

Արամ Մանուկյանը հակադարձեց. «Ինչպե՞ս եք վերահսկելու. Եղեգնուտ գյուղի Պողոսը իր խոզերին առանց ցավազրկման ամորձատում է, ես իմ շան կամ կատվի պոչից եմ քաշում, դուք դա վերահսկելո՞ւ եք: Չէ՞- որ սա օրենք է: Եթե սա դեկլարացիա, կոչ լիներ, կհասկանայի, բաց մենք օրենքից ենք խոսում, օրենքի կետը չկատարելը պետք է պատժվի, ինչպե՞ս եք իրականացնելու վերահսկողությունը»,- ծիծաղը հազիվ զսպելով Կարապետյանին հարցրեց Մանուկյանը:

Գյուղնախարարը, սակայն, «անդրդվելի» էր, ասում էր. «այո, որոշ դրույթներ կան, որոնք մեր կենցաղում դժվար կիրականցվի, բայց դա չի նշանակում, թե էսօրվանից պիտի չմտածենք էդ մասին»:

Նախորդ հոդվածը‘Նրանք «գրավել» են աշխարհը, իսկ Մեսսին՝ ոչ ‘
Հաջորդ հոդվածը‘ Ավստրալիա-Հոլանդիա. Խաղից առաջ’