‘Գյումրեցի ազատամարտիկ. «Հիասթափվելը քաղաքական կատեգորիա չէ՛» ‘

846

Գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը ցավում է, որ մինչև 1998 թվականը, չլինելով  քաղաքականության մեջ, այլ, իր խոսքով,  ավելի շատ հայրենասիրական գործունեությամբ զբաղվելով, չի հասկացել ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Որովհետև այդքան զարգացած չեմ եղել, որ հասկանամ», — ասում է:  Եթե ինքն ու իր նման շատերը այն ժամանակ անտարբերություն չդրսևորեին ու կողքի չքաշվեին, այսօր, ըստ ազատամարտիկի, հնարավոր է՝ մենք լրիվ ուրիշ Հայաստան ունենայինք: «Եվ ելնելով դրանից՝ ես մեր հիմնադիր և առաջին նախագահից ներողություն եմ  խնդրում», — iLur.am-ի հետ զրույցում:

 «Անտարբերությունը բռնապետություն է ծնում, և եթե շարունակենք այսպես մեր կյանքը առաջ տանել, առաջ չենք գնա՝ անդունդ կգնանք»,- ասում է Գևորգ Ալիխանյանը: Իսկ մնացած «կարճատեսներին», անկախ իրենց կուսակցական պատկանելույթունից,  խորհուրդ է տալիս՝ «հեռատեսի ակնոց դնել եւ մի քիչ հեռատեսություն ունենալ»:

Ալիխանյանը, թե  որպես շարքային քաղաքացի, թե որպես ազատամարտիկ, ճիշտ է համարում նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը:

«Ի տարբերություն իրենց «լիդեր» երեւակայող շատ ու շատ մարդկանց, Տեր-Պետրոսյանն ունի պետական մտածողություն», — ասում է Ալիխանյանը և հիշեցնում առաջին նախագահի սկզբունքներից մեկը, որը «ցավոք սրտի շատերը մոռացության են տվել», այն է՝ հանուն մեր պետության անվտանգության, նրա ապագայի արժե պայքարել, իսկ հանուն իշխանության՝ ոչ:

«Ուստի և ողջունում եմ նրա չառաջադրվելը»,- եզրակացնում է ազատամարտիկը:

Գեւորգ Ալիխանյանն այս օրերին բազմաթիվ  մարդկանց հետ է զրուցել և համոզված է, որ  ժողովուրդը ճիշտ է ընկալել Տեր-Պետրոսյանի քայլը. «Բոլորն էլ լավ գիտեն, որ նրա չառաջադրվելը չի նշանակում, որ  առաջին նախագահը  և Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականությունից դուրս են գալիս», — ասում է նա:

Ընդհակառակը, նախադրյալներ է տեսնում, որ 2013 փետրվարից հետո կարող են  լուրջ զարգացումներ տեղի ունենալ՝ թե արտաքին քաղաքական հարցերում՝  Արցախի  հիմնախնդրի հետ կապված, և թե սոցիալական ոլորտում: Իսկ նրանց, ովքեր հիասթափվել են պայքարից,  պատասխանում է՝ վերաձեւակերպելով նախագահի հայտնի արտահայտությունը. «հիասթափությունը քաղաքական կատեգորիա չէ՛»: 

 

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Գալիցկի. Ընդունում եմ ԲԿՄԱ-ի մարզիչի գրազը’
Հաջորդ հոդվածը‘«Ազդակ». Հալեպի Ազգային վարժարանները վերաբացվել են ‘