‘
Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով ավելի վաղ կալանավորված ևս երեք մեղադրյալ ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է news.am-ը: Կայքի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն ասել է, որ երեկ իրենց զանգել են Շիրակի մարզի դատախազությունից և հայտնել, որ մեղադրյալներ Համլետ Գևորգյանի, Արտակ Ղազարյանի և Մերուժան Մովսիսյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է, նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ և նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց, իսկ մեղադրյալներից Դավիթ Հակոբյանին Վերաքննիչը ազատ էր արձակել 500 հազար դրամ գրավի դիմաց: Այժմ մեղադրյալներից կալանքի տակ է Աշոտ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչև 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երևան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) և Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետևանքով գանգուղեղային վնասվածքով)։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը 6 է, կան նաև հետախուզվողներ:
‘