‘Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ստեղծվել է աշխատանքային խումբ ‘

728

Ընդառաջելով Գյումրիի «Մուշ-2» եւ  «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին՝  քաղաքաշինության նախարարի նոյեմբերի 16-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից  ներկայացվող բողոքներին եւ առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված  աշխատանքների  ընթացքը: Այս մասին iLur.am-ին հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Գյումրիի վերոնշյալ «Մուշ-2» եւ  «Անի» թաղամասերի  շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում, եւ կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը, պայմանագրային պարտավորությունների համաձայն՝ իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում: 

Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը, համաձայն հրամանի, պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության նախարարին:

Նախորդ հոդվածը‘Չինացին իր ջուրը ցատկող խոզերին երեք անգամ ավելի թանկ է վաճառում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արտաշես Գեղամյանը ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է’